Հայաստան 

Ստորագրահավաք ենք անցկացնելու նույնականացման քարտերի պարտադիր լինելու դեմ. Խաչիկ Ստամբոլցյան

ՄԱԿ-ին առընթեր Միջազգային միգրացիայի կազմակերպության տվյալների պաշտպանության վերաբերյալ ձեռնարկում նշված է, որ անձնական տվյալներ ներառում է ցանկացած տեղեկատվություն, որ կարող է օգտագործվել տվյալ սուբյեկտի ինքնությունը պարզելու կամ նրան վնաս պատճառելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Խաչիկ Ստամբոլցյանը՝ խոսելով նույնականացման քարտի վտանգների մասին:



«Երբ տարիներ առաջ նույնականացման քարտի մասին տեղեկություններ եղան, աղմուկ բարձրացավ, դրանք հետագայում վերանվանվեցին սոցիալական քարտ: Մենք պայքարեցինք, դիմեցինք նույնիսկ Սահմանադրական դատարան, կարողացանք այդ քարտերի պարտադիր լինելու հարցը հանել»,- ասաց Ստամբոլցյանը:



Նա նշեց, որ նույնականացման քարտի վերաբերյալ օրենքն առաջին անգամ ընդունվել է կամավոր, բայց դա տևել է ընդամենը մեկ տարի, դրանից հետո դառնալով պարտադիր:



«Հիմա մենք նորից կանգնած ենք հին տաշտակի առջև և որոշել ենք ստորագրահավաք կազմակերպել՝ դիմել ՀՀ նախագահին և Ազգային ժողովին, որպեսզի  խղճի, կամքի ազատության մեր իրավունքից օգտվելու հնարավորություն տան՝ չստանանք այդ նույնականացման քարտերը»,- հայտարարեց Խաչիկ Ստամբոլցյանը:

 

 

Ստամբոլցյանն ասաց նաև, որ իրենց մտահոգող հարցի վերաբերյալ դիմել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, այնտեղից  Բագրատ սրբազանն ասել է , որ Հայ առաքելական եկեղեցին կողմ է կամավորին, դեմ է պարտադիրին։

Նույն շարքից