Հայաստան 

Եթե բռնի ուժի դիմեն, ժողովրդի կողմից բռնի պատասխանի կարժանանան․ Ժիրայր Սեֆիլյան

Ժողովուրդ-իշխանություն վիհին պետք է վերջ դնել,  պետք է կարողանալ ձևավորել այնպիսի իշխանություն, որն առնվազն վստահություն կներշնչի: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:



«Միայն ժողովրդի կամքով է հնարավոր ավտորիտար իշխանություններից ձերբազատվել: Մենք գիտակցում ենք, որ մինչ ապրիլի 24-ը հնչող քաղաքացիական անհնազանդության կոչերով չէ, որ պետք է ստիպենք իշխանություններին հեռանալ: Մենք այդքան միամիտ չենք, մեր տարաբնույթ ձևերով ենք փորձելու մեր ծրագիրը կյանքի կոչել: Մենք հավատում ենք, որ մենք հաջողելու ենք»,- հայտարարեց բանախոսը:



Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ իշխանություններն  ուզեն-չուզեն պետք է քայլերի դիմեն: Քայլերից մեկը, ըստ Սեֆիլյանի, այն է, որ պետք է լեզու գտնեն, մյուսն էլ այն, որ բռնի ուժ կիրառեն:



«Եթե բռնի ուժի դիմեն, ժողովրդի կողմից բռնի պատասխանի կարժանանան»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:



«Ապրիլի 24-ին որևէ խժդժոց չենք իրականացնելու քաղաքում, մենք այդ օրը նույնպես հարգելու ենք զոհերի հիշատակը, իսկ օրվա երկրորդ կեսին հավաքվելու ենք մի հատվածում և սկսելու ենք մոբիլիզացիան: Մենք դուրս ենք գալու՝ այլևս տուն չվերադառնալու պայմանով: Կլինեն շուրջօրյա հանրահավաքներ: Մենք կվերադառնանք տուն և ժողովրդին կոչ կանենք վերադառնալ այն ժամանակ, երբ ռեժիմը կհեռանա»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նույն շարքից