«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հորդորում է վաղաժամ գնահատականներ չտալ և չասել, որ ԲՀԿ-ն, չնայած նրան, որ իրեն հայտարարել է ընդդիմություն, այդքան էլ քննադատական շեշտադրումներով չի խոսում Կառավարության գործունեության վերաբերյալ և հանդես է գալիս ավելի հնազանդ դիրքերից:
«Բնական է, որ մենք շարունակելու ենք քննադատությունները, շարունակելու ենք մեր երկրի բարելավման համար նոր ծրագրերի առաջարկումը, և որևէ բանում մենք կաշկանդված չենք և որևէ հարցում հնազանդ չենք: Իրականում հորդորում ենք սպասել, նման գնահատականները վաղաժամ են, համբերենք, ժամանակը մեր առջև է, ԱԺ աշխատանքներն ընթանում են և առաջիկայում դուք դեռ կտեսնեք, թե ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ ինչպիսի հարցադրումներ կբարձրացնեն, ինչպիսի քայլեր կձեռնարկեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Վահան Բաբայանը չի հերքում՝ ներքին քաղաքական խնդիրների հարցում ունեն մարտավարության խնդիր, բայց դա չի նշանակում, որ պետք է լռեն ինչ-ինչ պատճառներով:
«Տրանսֆորմացիաների արդյունքում տեղի ունեցավ մի իրավիճակ, որը որոշ ժամանակով առկախեց մեր՝ հրապարակային արտահայտվելու այդ ժամանակահատվածը, բայց ևս մեկ անգամ ձեզ խնդրում եմ և հորդորում եմ մոտենալ ըմբռնումով, քանի որ դա տեղի ունեցավ մեր կուսակցության բացառապես որոշակի խնդիրների պատճառով, և այդ ամենն ավարտվեց և ավարտից հետո մենք ընտրեցինք խմբակցության ղեկավար, քարտուղար, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ և հասկացանք, թե ովքեր են իրենց ճանապարհն անցնելու ԲՀԿ-ից դուրս, ովքեր են մնում ԲՀԿ-ի ներսում, և մենք սկսեցինք մեր գործունեությունը բացահայտ հրապարակային»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ ընտրողների, շարքային քաղաքացիների մեծ մասը դժգոհ է այս Կառավարության վարած քաղաքականությունից, արդյոք ԲՀԿ-ն հենց այդ մեծամասնության հետ է, Վահան Բաբայանը նշեց, որ իրենք ի սկզբանե ժողովրդի հետ են եղել և ժողովրդի կողքին և այդ հարցում ոչինչ չի փոխվել:
Ինչ վերաբերվում է հստակ արտահատված ատելության դրսևորմանը, ապա ԲՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ այս երկրում թշնամիներ չունեն և չեն էլ փնտրում: «Ատելության մթնոլորտը մեր երկրին որևէ լավ բան չի բերելու, մենք այո՛, պայքարելու ենք, որ ՀՀ քաղաքացին ավելի լավ ապրի, պայքարելու ենք , այդ ամենն անելու ենք ընտրությունների միջոցով, Սահմանադրության շրջանակներում»,- նշեց նա: