Հայաստան 

Եթե մենք՝ որպես բնակչություն, ներգրավված չլինենք, որևէ բարեփոխում տեղի չի ունենա․ Թ. Պողոսյան

analitik.am

Պետք է միշտ գիտակցել, որ ցանկացած բարեփոխում ո՛չ Սերժ Սարգսյանի համար է, ո՛չ Թևան Պողոսյանի, մեր բոլորի համար է. ԱԺ ճեպազրույցների ժամանակ ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում ԵՄ զեկույցը, երբ նշվում է, որ սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ չկա փոխհամաձայնություն ընդդիմադիր ուժերի և հասարակության լայն շրջանակում, պատասխանեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը։


«Եթե մենք՝ որպես բնակչություն, ներգրավված չլինենք, որևէ  բարեփոխում տեղի չի ունենա»,- ասաց նա և հավելեց, որ ինքն առիթ ունեցել է անդրադառնալու քննարկումներին, «Ժառանգության» մասնակցության հարցին և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը և երբևէ  չի համաձայնի այն տեսակետի հետ, որ իրենք հաճախորդներ են, և պետք է հարգել այն որոշումը, որ կայացրել է կուսակցությունը:

 

«Եթե մի բան ուզում ենք փոխել պետք է ներկայացնենք մեր տեսակետները: «Ժառանգությունը» վաղուց էր ներկայացրել իր կարծիքը սահմանադրական  փոփոխությունների վերաբերյալ, եթե այդ տեսակետներն ընդունվեն, միգուցե կարելի է  այդ քննարկումը շարունակել»,- ասաց նա և հավելեց, թե երեկ արդեն կարդացել է, որ ընտրողների ցուցակների հարցը պատրաստ են քննարկել:

 

 

«Եթե հասնենք նրան, որ բարեփոխումներն ընկալելի լինեն ցանկացած բնակչի համար, ապա լավ։ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասել է, որ որևէ  իմիտացիոն գործընթացի մեջ իմաստ չկա մասնակցելու»,- ասաց նա:

 

Հարցին, թե որքանով է տրամաբանական, որ ասվում է Նախագահը լեգիտիմ չէ, բայց  մասնակցում են նրա հետ քննարկումներին, Թևան Պողոսյանն օրինակ բերեց. «Օրինակ՝ տեռորիստները ինքնաթիռ են գրավել, այս դեպքում պետք է ասել, որ տեռորիստների հետ քննարկման չենք գնում, քանի որ դրանք տեռորի՞ստ են»:

Նույն շարքից