Հայաստան 

Մենք համբերատար կսպասենք, չենք բացառում համագործակցությունը և «Ժառանգության», և ԲՀԿ-ի հետ. Արամ Մանուկյան

analitik.am

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանելով հարցին, թե ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստանի» հետ դեռևս որևէ կապ ունի՞, նշեց, որ համբերատար սպասում են և չեն բացառում նոր համագործակցությունը:

 

Արամ Մանուկյանն ասաց, որ ԲՀԿ-ի հետ շփվում են, սակայն ԲՀԿ-ն այս պահին վերակազմավորման, խորհրդակցելու փուլի մեջ է, որը չի ավարտվել, իրենք էլ են ասում, որ ժամանակ է պետք:

 

«Մենք համբերատար կսպասենք, չենք բացառում համագործակցությունը և՛ «Ժառանգության», և՛ ԲՀԿ-ի հետ: Նրանց հետ մարդկային շփումները կան, հույս ունեմ, որ մենք իրար հետ ծրագրեր կիրականացնենք»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Մանուկյանը խոսեց  իշխանությունների՝ «կործանման տանող քաղաքականության» մասին և նշեց, որ նրանց ոչ բաց կամ արկածախնդիր քաղաքականությունը երկրին դեռ շատ փորձանք կբերի:

 

«ՀՀԿ-ում չկա որևէ մեկը, որ ասի, թե ինչ է կատարվում, որ մի արեք այս քայլը: Հայաստանի Հանրապետությունն այսօր քաղաքական խիստ մտահոգիչ պրոցեսների առաջ է կանգնած»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ այս իրավիճակը հանգեցնելու է պայթյունի:

 

Արամ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունից ոչ ոք չի ուզում դրա հետ հաշվի նստել:  Իսկ իշխանության պահվածքը նա համարում է քաղաքական դասալքություն:

 

«Ես երեկ ելույթ եմ ունենում ԱԺ-ում, տպավորություն է, որ ապակիների դեմ եմ խոսում, իսան չկա, մտածող չկա: Չի կարելի այդքան ջայլամի տեղ դնել և հաշվի չառնել այդ երևույթները»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Հարցին, թե ինչպես կբացատրի այն, որ  ՀՀԿ-ական գործարարների օբյեկտներում հարկային ստուգումներ են, Արամ Մանուկյանը նշեց. «Փոքր ձկներին, ովքեր խելոք չեն մնում՝ պատժում են»:

Նույն շարքից