Հայաստան 

Ապրիլի 24-ին ՌԴ և ՀՀ նախագահները կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը. ՌԴ պատգամավոր

Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում կքննարկվի նաեւ Ղարաբաղյան հարցը: Այս մասին մարտի 28-ին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:


Նա նաեւ հավելեց, որ ղարաբաղյան հակամարտությունը նուրբ նյութ է: Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Կա նաեւ նախագահների միջեւ եռակողմ հանդիպումների ձեւաչափ:


Պատգամավորը նշեց, որ 2014 թվականի օգոստոսին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները բավական խորությամբ են քննարկել հակամարտության կարգավորման հարցերը: «Վստահ եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների առիթով Երեւան կատարելիք այցի ընթացքում Վլամիդիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն այդ խնդիրը կքննարկեն ոչ պակաս խորությամբ, քան 2014 թվականի օգոստոսին, Սոչիում»,- ընդգծեց նա:

Նույն շարքից