Հայաստան 

ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ.–ի մայիսի 3-ի ընտրությանը կմասնակցի 7 կուսակցություն

2015թ.–ի մարտի 27-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ:



ԼՂՀ կենտրոնական  ընտրական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրակարգում դրված է եղել ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ.–ի մայիսի 3-ի  հերթական ընտրությանը համամասնական ընտրակարգով մասնակցելու դիմում ներկայացրած կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու մասին հարցը:



Նիստին ներկա էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, հրավիրված էին ընտրական ցուցակներ առաջադրած թվով յոթ կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները, զանգվածային լրատվամիջոցներ:



ԼՂՀ ընտրական օրենսգրքի 106-րդ և 107-րդ հոդվածներին համապատասխան, հաշվի առնելով, որ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցությունների ներկայացրած ընտրական ցուցակների գրանցման վերաբերյալ առարկություն չի ներկայացվել` ԼՂՀ կենտրոնական  ընտրական հանձնաժողովը, առանց քվեարկության, նիստում որոշում ընդունեց` գրանցել  ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը համամասնական ընտրակարգով մասնակցելու դիմում ներկայացրած հետևյալ կուսակցությունների ընտրական ցուցակները` «Ազատ հայրենիք» կուսակցություն (48 թեկնածու), «Ազգային վերածնունդ» կուսակցություն (14 թեկնածու), «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» (34 թեկնածու), «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (6 թեկնածու), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (34 թեկնածու),«Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):



Կուսակցությունների ընտրական ցուցակները  կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի մինչև 2015թ. ապրիլի 1-ը:



Նիստի վերջում  անդրադարձ է կատարվել գրանցված թեկնածուների, կուսակցությունների կողմից առաջիկայում իրականացվելիք որոշ կազմակերպչական աշխատանքների:

Նույն շարքից