Հայաստան 

Հայաստանի` ավելի քան 5 հազար քաղաքացիների առաջիկայում կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան. ԴՄԾ

Հայաստանի` ավելի քան 5 հազար քաղաքացիների առաջիկայում կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան, կիրակի Գյումրիում ասաց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն։



«Այժմ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունն ու Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունն աշխատանքային միգրացիայի խմբի շրջանակում ստեղծել են հատուկ փորձագիտական խումբ, որն ուսումնասիրում է Հայաստանի այն քաղաքացիների դիմումները, որոնց արգելված է մուտք գործել ՌԴ», – ասաց Ֆոմենկոն։



Ֆոմենկոն նշել է, որ նրանք աշխատում են նախորդ տարվանից և փորձում են ուսումնասիրել քաղաքացիների հարցերը, ընդառաջել և Ռուսաստանի տարածք մուտք գործելու հնարավորություն ընձեռել։



«Մոտ 1,5 հազար քաղաքացիների համար մուտքն արդեն թույլատրված է, և ես կարծում եմ, որ առաջիկայում ևս 5 հազար մարդ կստանա նման հնարավորություն։ Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելուց հետո մենք ավելի ակտիվ ենք աշխատում այս ուղղությամբ, ավելի ուշադիր ենք վերաբերվում նման դիմումներին և ընդառաջում», – նշեց Ֆոմենկոն։


 

Նրա խոսքով` նոր տարվանից Ռուսաստանի տարածքում աշխատելու համար բավական է ԴՄԾ ներկայացնել աշխատանքային պայմանագիրը, որտեղ նշված են պայմանագրի կոնկրետ ժամկետները։



«Բացի այդ, 30 օրվա ընթացքում կարելի է միգրացիոն հաշվառման չկանգնել և կարճատև այցերի համար միգրացիոն թերթիկ չլրացնել», – ընդգծեց Ֆոմենկոն։

Նույն շարքից