Հայաստան 

ԲՀԿ-ն հովանավորվելու կարիք չունի, դեռ իրենք կարող են ուրիշներին հովանավորել․ Միքայել Մելքումյան

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ ընդդիմությունն էլ պետք է քաղաքական կամք ունենա:

 

 

«Կոչ եմ անում միասին պետական մտածողությամբ քաղաքականություն որդեգրենք և կամաց-կամաց այդ ճաշակն ու ոճը որդեգրենք և անցնենք առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և խորհուրդ տվեց նաև լրագրողներին՝ աշխատել հանուն հայրենիքի:

 

 

«Ես չեմ սիրում պարտվող ընդդիմություն, ընդդիմությունը պետք է արդյունքներ ունենա, որպեսզի  առաջ շարժվի: Եթե արդյունք չունեցար ու դոփեցիր տեղում, ուղղակի  կփակվես. բիզնեսը ո՞նց է՝ դու սնանկանում ես: Կան  արժեքներ, որ եթե արդյունք չունենաս, հիասթափություն կլինի»,-ասաց նա:



Պատգամավորը վստահեցնում է, որ չնայած իրենք կառավարությանը քննադատելու որևէ խնդիր չունեն, սակայն այլևս մերկապարանոց քննադատությունները մերժում են:

 

 

«Այլևս անցել են այն ժամանակները, որ հնչում են առանց հիմնավորման, պետք է լուրջ մոտեցումներ ունենալ»,- ասաց նա:

 

 

Ըստ Մելքումյանի՝ ԱԺ նախորդ նիստին կոնկրետ ինքն ապացուցել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանին քննադատելու խնդիր չեն դնում՝ իհարկե առաջարկելով լուծումներ:

 

 

«Բոլոր քննադատությունները պետք է հիմնավորվեն խոր, համակողմանի, մասնագիտական գնահատականների վրա, այլևս անցել են  այն ժամանակները, որ մերկապարանոց քաղաքական ինչ-որ բաներ ենք հնչեցնում, առանց մասնագիտական հիմնավորման: Ես մինչև հիմա չեմ տեսել, որ իմ ելույթներին, որոնք  մասնագիտական են, որևէ մեկը հակադարձի»,-ասաց նա և մասնավորեցրեց օրինակներով, թե իր վերջին քննադատության թիրախը եղել է ԿԲ-ի քաղաքականությանը:

 

 

«Եթե քննադատություն ասելով՝ հասկանում ենք, որ պետք է մենք անձերին վիրավորենք, անձամբ իմ մոտեցումն այդ չէ, իմ մոտեցումն այլընտրանքային ծրագրերի առաջարկումն է, որի օրինակներից մեկը շրջանառության հարկի շեմի բարձրացումն է։ Մենք էինք ասում, չէ, որին կառավարությունը համաձայն չէր, բայց չենք համարում դա հաղթանակ: Այնպես որ, պետք է նկատել այն քննադատությունը, որը չի պարունակում ընդամենը շոու»,-ասաց նա: 

 

 

Ինչ վերաբերում է նրան, թե ով է ԲՀԿ-ին հովանավորելու, Միքայել Մելքումյանը նշեց, թե ԲՀԿ-ն հովանավորվելու կարիք չունի, դեռ իրենք կարող են ուրիշներին հովանավորել. «Դա ձեզ էլ լավ հայտնի է, չեմ ուզում փակագծերը բացել»:

 

Նույն շարքից