Հայաստան 

ԱԺ–ում բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսը

analitik.am

Հայաստանի Ազգային ժողովում այսօր բացվել է  «Մեծ Հաղթանակի ուղիներով»  խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին, տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը:



Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային ժողովի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից:
Բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը, պատգամավորներ, հրավիրյալներ:

 

 

Ցուցադրված կտավներն ընտրվել են գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի կողմից  «То Armenia whit Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուից: IDeA հիմնադրամը  նպատակ ունի տարբեր ցուցադրությունների միջոցով Հայաստանի հանրությանը ներկայացնել հավաքածուն:

 

 

«Մեծ Հաղթանակի ուղիներով»  ցուցահանդեսի համար հավաքածուից ընտրվել է հայ և ռուս 11 հեղինակի 15 կտավ, որոնցում ներկայացված է պատերազմի, հաղթանակի և խաղաղության թեմատիկան:

 

«Ցուցահանդեսը նվիրված է հաղթանակի 70-ամյակին, սակայն այն ավելին է, քան պարզապես ցուցահանդեսը: Հաղթանակի 70-ամյակին նվիրված յուրաքանչյուր նախաձեռնություն իր մեջ նաև կանխարգելիչ ուղերձ ունի,-նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:-Այս ստեղծագործությունները պատերազմի  տարեգրությունն են, հերոսության, հայրենասիրության, նվիրումի տարեգրություն, միաժամանակ ձոն ՝ խաղաղությանը: Ցուցահանդեսի կազմակերպման հարցում  համագործակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին  և բարերարներին, ովքեր իրենց անձնական հավաքածուներից տրամադրել են այս կտավները»:

 

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն իր խոսքում նկատել է, որ արվեստը հաճախ օգնում է ավելի լավ հասկանալ անցյալի իրադարձությունները:
 

«Հաճախ նկարչի վրձինն ավելի պերճախոս է, քան ցանկացած խոսք, և կտավների միջոցով ավելի լավ ենք հասկանում այդ ժամանակաշրջանում մարդկանց զգացմունքները, զգացողություններն  ու ապրումները: Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝  այս հրաշալի ցուցադրության համար, և կցանկանայի Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին շնորհավորել  Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,- նշել է Ս. Նարիշկինը:



IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանի խոսքով՝  հիմնադրամը  նախաձեռնել է հայ և ռուս  գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինչը հնարավորություն կտա վերահիշել մեր ժողովուրդների ընդհանուր անցյալի դժվար, բայց հաղթական էջերը: 



«Հիմնադրամը մտադիր է բարերարների  հավաքածուն ներկայացնել հանրությանը՝ տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ մարզերում կազմակերպվելիք ցուցահանդեսների միջոցով: Սա հավաքածուի մասը կազմող կտավների առաջին ցուցադրություն է և, կարծում ենք, հետաքրքիր կլինի ծանոթանալ  խորհրդային արվեստի այս բավականին հետաքրքիր շրջանի գործերին: IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Ավետիսյանին և Վլադիմիր Նեկրասովին՝ այս գեղեցիկ նախաձեռնության իրագործման համար»,-նշել է Արմեն Գևորգյանը:



Գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի կողմից  «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված  գեղանկարների հավաքածուն 100 կտավ է ներառում: Գործերի հեղինակները խորհրդային շրջանի շուրջ երեք տասնյակ գեղանկարիչներ են, այդ թվում՝ սոցռեալիզմի  հայտնի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ համամիութենական և միջազգային ցուցահանդեսներում: Հավաքածուում ընդգրկված են  նաև տարբեր ժանրեր ներկայացնող աշխատանքներ:

Նույն շարքից