Հայաստան 

Իմ առաջնահերթություններից է բիզնեսի և առևտրային հարաբերությունների զարգացումը մեր երկու երկրների միջև․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Եթե հայկական ու ամերիկյան բիզնեսները միմյանց մասին իմանան ավելին, հնարավոր կլինի խորացնել երկկողմ կապերը, տնտեսական հնարավորությունները: Այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը «Էյչ Էս Բի Սի» բանկի կողմից կազմակերպված 14-րդ Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի ժամանակ:



Դեսպանն ընդգծեց, որ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը հնարավորություն կտա ավելի շատ աշխատատեղեր ստեղծել երկու երկրներում:
 



«Որպես դեսպան՝ իմ առաջնահերթություններից է բիզնեսի և առևտրային հարաբերությունների զարգացումը մեր երկու երկրների միջև: Հայաստանի առևտրային գործընկերների շարքում ԱՄՆ-ն 5-րդն է, ինչը դրական է: Սակայն դուք բոլորդ գիտեք, որ մենք՝ ամերիկացիներս, սիրում ենք միշտ առաջինը լինել և եթե մենք կարող ենք այդ մասնաբաժինը մեծացնել, ես ուզում եմ, որ դա անենք: Մենք աշխատում ենք Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»,-ասաց դեսպանը:

 

 

Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ ԱՄՆ-ն Հայաստանում ամենամեծ ներդրում իրականացնող երկրներից մեկն է, բայց իրականում ներդրումները կարող են լինել ավելին:

 

 

«Մասնավորապես, առևտրային հնարավորությունների զարգացում եմ տեսնում որոշ ոլորտներում: Ես առիթ եմ ունեցել խոսել ԱՄՆ-ում գործարարների հետ, ինչպես նաև այստեղ հայաստանյան առևտրային գործընկերների հետ: Մենք մեծ  հնարավորություններ ենք տեսնում որոշ ոլորտներում համագործակցության, ոլորտներ որտեղ ԱՄՆ-ն ունի տեխնիկական փորձառություն և ուժեղ բրենդեր»,-ասաց նա:



Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է առաջիկա տարիներին այդ ոլորտների հնարավորությունները ուսումնասիրելու հարցում:



«Այդ ոլորտներն են՝ էներգետիկան, հատկապես մաքուր էներգիան, տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, ագրոբիզնեսը, հանքարդյունաբերությունը և այլն: Ամերիկյան սպառողների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի ագրոբիզնեսը, հանքարդյունաբերությունը, ՏՏ-ն: Ես առաջիկա շաբաթների ընթացքում ուզում եմ աշխատել այս ուղղություններով: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Հայաստանը մեծ ռեսուրսներ ունեն, և այդ ռեսուրսներից ամենակարևորը մարդկային կապիտալն է: Ես շատ ոգեշնչված եմ հայ գործարար համայնքի ձեռնարկատիրական ջիղով: ԱՄՆ-ում ևս այս ջիղը գործարար ոլորտում կա, և մենք միասին կարող ենք զարկ տալ և իրական հնարավորություններ ստեղծել մեր երկու երկրների տնտեսությունները զարգացնելու համար»,-ասաց նա:

 

 

ԱՄՆ-ի դեսպանը նաև ընդգծեց, որ դեսպանության դուռը միշտ բաց է, և այնտեղ գործող թիմը կարող է օգնել ու բացատրել ցանկացողներին, թե ինչպես իրականացնել բիզնես:

Նույն շարքից