Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, ազատամարտիկ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հրաչ Մուրադյանը մեկն էր նվիրյալ և արժանավոր այն հայորդիներից, որ զոհ գնացին այս ապազգային և հանցավոր համակարգին:
Հրաչի բոլոր հարազատներին, մտերիմներին, ծանոթներին և նրան սիրող ու նրա հիշատակը վառ պահող մեր ամբողջ ժողովրդին հորդորում եմ ոչ մի հույս չկապել Հրաչին սպանած այս համակարգի հետ:
Ապրիլի 24-ին մենք ոտք ենք դնում մի ճանապարհի վրա, որը տանում է դեպի այս հրեշավոր համակարգից ազատագրում:
Բոլորիս մաղթում եմ վճռականություն, պայքար և հաղթանակ: Հրաչի և մյուս նվիրյալների մարտաշունչ ոգին մեզ հետ է լինելու: Այս համակարգից ազատագրվելուց հետո կբացահայտվեն ինչպես Հրաչի, այնպես էլ դրան զոհ գնացած մյուս բոլոր հայորդիների սպանությունները, իսկ մեղավորները պատասխան կտան օրենքի և դատարանի առաջ:
Հիշատակդ վառ կպահենք, սիրելի ընկեր»:
Հիշեցնենք, որ այսօր Պռոշյանի նախկին գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության 2-րդ տարելիցն է: 2 տարի անց սպանությունը շարունակում է չբացահայտված մնալ: