Կառավարությունն այսօր չընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայ¬աստանի Հան¬րա¬պե¬տության օրեն¬քի նախագիծը, որը նախաձեռնել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սամվել Ֆարմանյանը, Խոսրով Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Մարգարիտ Եսայանը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ օրենսգիրքը սահմանում է, որ որևէ քաղաքացու անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության որևէ ներկայացուցչի մասնակցության դեպքում:
«Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստին, եթե թույլ է տալիս նրա առողջական վիճակը, նույնիսկ այս դեպքում քննելի է դատական նիստին քաղաքացու մասնակցությունը: Նախագծի հեղինակներն առաջարկում են բացի խնամակալից, ընտանիքի անդամից կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունից գործունակության վերականգնման վերաբերյալ դատարան դիմելու հնարավորություն տալ նաև քաղաքացուն»,- ասաց նա:
Նա նշեց, որ Կառավարությունը սկզբունքորեն չի մերժում նախագիծը, այլ որոշակի առաջարկներ ներառելու դեպքում այս նախագիծն ընդունելի կհամարեն: «Օրինակ՝ պետք է հաշվի առնել, թե նիստին այս քաղաքացու մասնակցությունը վտանգավոր կլինի՞ մյուս մասնակիցների համար, թե՞ ոչ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս հարցը մի քիչ զգայուն է: «Դուք այդպես գրում եք, բայց չեք հետևում: Ընդհանուր եմ ասում բոլոր նախարարություններին, բոլոր նախարարներին, և այնտեղ հաշվի չեն առնում մեր առաջարկները, և դրական եզրակացությամբ հանձնաժողովը որոշում է կայացնում ու ընդգրկում մեծ օրակարգ: Հետամուտ պետք է լինեք, նաև հանդիպեք նախագիծն առաջարկող պատգամավորներին Շատ է եղել, մենք առաջարկները ներկայացրել ենք, հետո գնացել է օրակարգ, իբր Կառավարությունը դեմ է»,- ասաց նա և կոչ արեց, հետամուտ լինել, որ նախարարությունների առաջարկներն ընդունվեն, ինչի դեպքում նոր դրական համարվի Կառավարության կարծիքը: