Հայաստան 

Հովիկ Աբրահամյանի համար Քեթրինի Միհրանը վերին արտի ցորե՞ն է

Slaq.am-ը գրում է․ 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այս տարվա սկզբին ստեղծվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի» խորհուրդը: Եթե այս խորհուրդն իրականում ձևական բնույթ չի կրում, վարչապետին առաջարկում ենք ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել, թե ինչպես է ստացվում, որ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ով ավելի հայտնի է Քեթրինի Միհրան անվանումով, հայտարարում է, թե ինքը բիզնեսներ չունի, բայց վարում է վերջին սերնդի «Mercedes-Benz S-Class» ավտոմեքենա, որի գինը տատանվում է 200-ից 250 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում:


Իսկ եթե Քեթրինի Միհրանն, այնուամենայնիվ, քողարկված բիզնեսներ ունի, վարչապետի գլխավորած հանձնաժողովը միգուցե ուսումնասիրի և հանրությանը ներկայացնի, թե ինչպես է ստացվում, որ Միհրան Պողոսյանը, որի կենսագրությունից երևում է, որ նա անընդհատ պետական պաշտոններ է զբաղեցրել՝ զուգահեռաբար նաև բիզնեսներ է ստեղծել (Երևանում տարածքներ, որոնք վարձով են հանձնված):



Հասկանալի է, որ միգուցե, այդ շքեղ ավտոմեքենան Քեթրինի Միհրանին կարող է նվիրած լինեն «կարմի գծերով» կամ այլ բազմաթիվ բիզնեսներով միլիոններ աշխատող նրա քեռիները: Այնուամենայնիվ, պետք է բացատրել հասարակությանը, թե ինչպես է ստացվում, որ բոլոր պետական պաշտոնյաները, որոնց մեջ ևս շատ հարուստ մարդիկ կան, աշխատանքային ժամերին երթևեկում են պետության կողմից տրամադրված մեքենաներով, իսկ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրանը աշխատանքի է ժամանում իր նորագույն և շքեղ ավտոմեքենայով: ԴԱՀԿ-ի Միհրանի անմիջական ղեկավար՝ արդարադատության նախարարն աշխատանքի է գնում պետական համեստ ավտոմեքենայով, առանց թիկնազորի, իսկ իր ենթակա ԴԱՀԿ-ի պետը՝ թիկնազորով և սեփական թանկարժեք ավտոմեքենայով:


Միգուցե վարչապետը պատասխանի, թե ինչո՞ւ է նման լիազորություն տվել մի պաշտոնյայի, ում ղեկավարած կառույցից յուրաքանչյուր օր բազմաթիվ դժգոհություններ կան քաղաքացիների շրջանում: Միգուցե՝ Քեթրինի Միհրանը վերին արտի ցորե՞ն է :

Նույն շարքից