Հայաստան 

ՏԿԱԻ նախարարը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

Ապրիլի 2-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարզպետարանի աշխատակիցներին և համայնքապետերին է ներկայացրել Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանին: Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ սեփական դիմումի համաձայն Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանն ազատվել է մարզպետի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար իր և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել Արամ Հարությունյանին՝ կարճաժամկետ պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար։

 

Նախարարն իր ելույթում ներկայացրել է նորանշանակ մարզպետին և նրա աշխատանքային փորձը` մաղթելով նորանոր ձեռքբերումներ մարզում կատարվելիք աշխատանքների հարցում: «Չնայած իր երիտասարդ տարիքին, Կարապետ Գուլոյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, և համոզված եմ, որ հաջողությամբ կհաղթահարի իր առջև դրված խնդիրները», - եզրափակել է նախարարը:

Իր խոսքում նախկին մարզպետ Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը, ՏԿԱՒ նախարաությանը և մարզպետարանի աշխատակիցներին՝ համատեղ արգասաբեր աշխատանքի համար: «Հաջողություններ եմ մաղթում նորանշանակ մարզպետին: Կարծում եմ, որ իմ ղեկավարության տասը ամիսների ընթացքում մարզպետարանը հավուր պատշաճի կատարեց իր առջև դրված խնդիրները, ինչը մեծապես կախված էր նաև մարզի համայնքապետերի կատարած եռանդուն աշխատանքից: Ես գիտեմ պատվով հեռանալ, և եթե ինձ բախտ վիճակվի պետական նոր պաշտոն ստանձնել, անպայման կապ կպաշտպանեմ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ», - եզրափակել է Ա. Հարությունյանը:

Երախտիքի խոսքով հանդես է եկել նաև նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը: «Շնորհակալ եմ ՀՀ նախագահից և վարչապետից մարզպետի պաշտոնը ինձ վստահելու համար: Ուժ և եռանդ չեմ խնայելու ի շահ Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար աշխատելու հարցում, և մեծ պատասխանատվությամբ կկատարեմ մարզում կիսատ մնացած աշխատանքները», - հավելել է Կ. Գուլոյանը:

Նույն շարքից