Մենք բազմիցս ասել ենք, որ չենք պատրաստվում որևէ ձևով խանգարել ապրիլի 24-ի օրակարգը, ավելին` մենք, մեր շրջանակից շատերը մասնակցելու են այս կամ այն միջոցառմանը, այդ օրվա վերջում սկսելու ենք մոբիլիզացիան:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
«Մենք չենք պատրաստվում հարձակվել Բաղրամյան 26-ի վրա: Մենք ասում ենք, որ սկսում են ժողովրդական մոբիլիզացիան, և քանի որ գործունեության բնույթը օրենքի շրջանակներում է, ուստի գործող իշխանությունները որևէ կերպ իրավունք չունեն միջամտելու, իսկ եթե իրենք օրենք խախտեն, այդ ժամանակ ժողովուրդը կորոշի, թե այդ ժամանակ օրենք խախտողի նկատմամբ ինչպես վարվել»,-ասաց նա և ավելացրեց, որ այն տեղեկությունները, թե իրենց շարժումը պատրաստվում է խաթարել այդ օրվա միջոցառումները, սուտ է:
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք և ոչ միայն ձերբակալման: Մեզ ձերբակալելով, ֆիզիկապես ոչնչացնելով՝ խնդիրը չի լուծվելու, նրանց չի հաջողվելու իրավիճակը փոխել»,-ասաց նա:
Չնայած դրան` Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք գիտակցում են, որ ոչ նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանում մոբիլիզացիա անելը շատ դժվար աշխատանք է:
«Պետք է ընդունենք, որ մեր ժողովուրդը ընտրությունից ընտրություն ակտիվանում և քաղաքացիական ակտիվությունը ցուցաբերում է, այլ հարց է, որ տվյալ գործիչները չեն կարողանում տեր կանգնել ժողովրդի ձայնին: Այսինքն՝ դժվար է այս օրերին մոբիլիզացիա անել, սակայն այդ դժվարությունից ելնելով է, որ մենք սկսել ենք այդ գործընթացը ապրիլի քսանչորսին»,-ասաց նա: