Մինչ բնապահպաններն ահազանգում են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարից դեպի Դեբեդ գետը հոսող պոչանքների ու բնությանը դրանց հասցվող վնասի մասին, իսկ պատկան կառույցները շարունակում են ուսումնասիրություններ անել՝ պարզելու շրջակա միջավայրին հասցված վնասի չափը, Ախթալայում հերթական պայքարն է սկսվել կոմբինատին տիրելու համար:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ կոմբինատի անվտանգության ծառայության պետը՝ Արսեն Չիչյանը, ով Ախթալայում հայտնի է «Բոդոլ» մականունով, ցանկանում է մասնակցել ընկերության կառավարմանը: Նա այդ պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզի քաղաքացիական դատարան:
Կոմբինատի անվտանգության պետը դատարանից պահանջում է առ ոչինչ ճանաչել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում 2013 և 2014 թվականներին կատարված պետական գրանցումները, որով «Ախթալայի» ԼՀԿ-ի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություններ են կատարվել, ասել է թե` փոխվել են բաժնետերերը: Հայցվող Չիչյանը համարում է, որ այս գրանցումները կատարվել են ընկերության գործունեության կառավարմանը մասնակցելու և դրանից շահույթ ստանալու՝ իր օրինական իրավունքների խախտմամբ:
Արսեն Չիչյանը, ի դեպ, Ախթալայում քրեական համբավ ունեցող անձնավորություն է: 2012թ. նա հայտնի դարձավ Խաչիկյանների հետ ունեցած ընդհարումներով: Լուրեր տարածվեցին նաև քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի՝ Սոցապ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի եղբոր ոտքերի տակ կրակելու մասին: Քրեական գործ, սակայն, չհարուցվեց: