«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը Հայաստանի եզդիական համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում եզդիական համայնքի ներկայացուցիչները խմբակցության անդամներին են ներկայացրել փաստեր և վավերագրեր՝ եզդիների հանդեպ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունների վերաբերյալ` ակնկալելով ՀՀ ԱԺ-ի կողմից համարժեք քաղաքական գնահատական:
Եզդի համայնքի ներկայացուցիչները ԲՀԿ խմբակցությանն առաջարկել են նաև մինչև ապրիլի 24-ը ՀՀ ԱԺ-ի կողմից տալ քաղաքական գնահատական՝ Իրաքում եզդիների հանդեպ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին։
ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկել են Օսմանյան Թուրքիայում եզդիների հանդեպ տեղի ունեցածը «ցեղասպանություն» որակելու հարցը քննարկել ԱԺ-ում ստեղծվելիք աշխատանքային խմբում, որին ակտիվորեն կմասնակցեն նաև խմբակցության պատգամավորները։
Իսկ ինչ վերաբերում է այսօր Իրաքում եզդիների հանդեպ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին գնահատական տալուն, ապա ԲՀԿ պատգամավորները խոստացել են ԱԺ առաջիկա քառօրյայում բարձրացնել այդ հարցը։