Հասարակություն Մշակույթ 

«Մանկական Եվրատեսիլ- 2013»-ում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո

analitik.am

«Մանկական Եվրատեսիլ- 2013»երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Վիճակահանության տվյալներով` մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետեւյալ հերթականությամբ`Շվեդիա, Ադրբեջան, Հայաստան, Սան Մարինո, Մակեդոնիա, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Նիդերլանդներ, Մալթա եւ Ռուսաստան:

Այս տարի մրցույթի կանոնակարգում որոշակի փոփոխություն է կատարվել: Վիճակահանությանը մասնակցել են հենց մրցույթի մասնակիցները, ոչ թե պատվիրակությունների ղեկավարները, ինչպես եղել է նախկինում:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:

Տեղեկացնենք նաեւ, որ սկսվել է մասնակիցների մրցութային հագեցած շաբաթը: Նկարահանվել է մասնակիցների ելույթից առաջ ցուցադրվող բացիկը: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ` «Be Creative» վերնագրով:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man-ն է: Փազլը հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ` «Եղի′ր ստեղծագործ»:

Մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:45-ին:  

Նույն շարքից