Հայաստան 

Հայաստանի և Ղրղզստանի տնտեսությունները շատ ընդհանրություններ ունեն. Էդվարդ Նալբանդյան

Ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով եղել է Ղրղզստանում։

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ այցելությունը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեք Աթամբաևի հետ հանդիպմամբ։

Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նախագահ Աթամբաևին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները։

Հանդիպմանը ընդգծվել է, որ առկա է երկուստեք պատրաստակամություն՝ գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ղրղզստանի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Այդ համատեքստում կարևորվել է փոխայցելությունների կազմակերպումը, իրավապայմանագային դաշտի ամրապնդումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը։

Ղրղզստանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ։

Նախագահ Աթամբաևը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։

 

 

Բիշկեքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետ Ջոմարդ Օթորբաևի հետ։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ վարչապետ Օտոմբաևն ասել է, որ այլ կարգավիճակներով բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան և սեփական փորձի և դիտարկումների հիման վրա եզրակացրել է, որ Հայաստանի և Ղրղզստանի տնտեսությունները շատ ընդհանրություններ ունեն, և առկա է առևտրատնտեսական համագործակցության զարգացման լուրջ ներուժ։ Վարչապետ Օտոմբաևը բարձր է գնահատել Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների միջև հաստատված գործընկերային հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարևորվեց միջկառավարական
հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը։ Այս առումով կարևորվել է իրավապայմանագրային հենքի ընդլայնումը, գործարար համաժողովների անցկացումը։

Ղրղզստանի վարչապետը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների, ոսկերչական արտադրանքի, ծառայությունների, տուրիզմի բնագավառներում Հայաստանի փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Եվրասիական միության շրջանակներում համագործակցության հեռանկարներին։

 

Ապրիլի 4-ին տեղի են ունեցել Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրլան Աբդիլդաևի բանակցությունները։

Ղրղզստանի արտգործնախարարը ողջունել է երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցելությունը Բիշկեք՝ ընդգծելով, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։

Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջխորհրդարանական շփումների աշխուժացմանը, առևտրատնտեսական փոխգործակցության խթանմանը, մշակութային կապերի խրախուսմանն առնչվող հարցերի շուրջ։

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները պայմանավորվել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցություններ անցկացնել և դրանք կանոնակարգելու նպատակով համապատասխան ծրագիր մշակել։

Հանդիպման օրակարգում էին միջազգային կառույցների շրջանակներում, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։

Էդվարդ Նալբանդյանը իր գործընկերոջը հրավիրել է  այցելել Հայաստան։ 

Նույն շարքից