Հայաստան 

Ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանը

Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի համակարգող Արամ Հակոբյանը։

Քննչական կոմիտեից հայտնում են, թե նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ։

Օրենքով սահմանված կարգով վերջինիս պարզաբանվել են իր իրավունքները, եւ նա ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Ա.Հակոբյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնվել էր, որ հայտարարությամբ է հանդես եկել «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Մինչ այս ձերբակալվել էին եւս հինգ անձինք՝ Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Գեւորգ Սաֆարյան, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուքասզյան։

Նույն շարքից