Ազգային ժողովը քննարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հայտարարության տեքստը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանդես գալով արտահերթ ելույթով, ասաց, որ արժեքավոր է այս հայտարարությունը: Նա նշեց, որ ցեղասպանությունները, անկախ նրանից՝ ում կողմից են եղել, երբ ու որտեղ, պետք է դատապարտվեն:
«Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, և շատ բնական է, որ պետք է հայտարարություն ընդունենք, կոչով հանդես գանք միջազգային հանրությանը, տարբեր երկրների խորհրդարաններին ու միջխորհրդարանական ու տարբեր միջազգային կառույցներին, որպեսզի նրանք դատապարտեն Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ սա հայտարարության առաջին սկզբունքն էր, և այն շատ կարևոր է:
«Երկրորդ՝ 100-րդ տարելիցով մեր պայքարը չի ավարտվում, այլ սկսվում է, և պատահական չէ այս հայտարարության մեջ ժխտողականությունը քրեականացնելու պահանջը»,-նշեց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ արդեն չորս երկիր ընդունել է ժխտողականությունը դատապարտող օրենք:
Շարմազանովը կարծում է, որ պետք է ցույց տալ, որ ժխտողականությունը նույնքան վտանգավոր ու հանցավոր է, որքան ցեղասպանություն իրականացնելը:
«21-րդ դարում ժխտողականությունը պետք է քրեականորեն պատժվի»,-նկատեց նա: ԱԺ փոխխոսնակը համաձայն չէ այն հռետորների հետ, ովքեր ասում են, որ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը պետք է լինի Հայոց սփյուռքի մենաշնորհը:
«Դա աբսուրդ է, բարեկամներս։ Ինչ է թե չվտանգենք Թուրքիայի հետ հարաբերություները. է Թուրքիան ե՞րբ է ճանաչել ցեղասպանությունը որ»,-հարց հնչեցրեց նա:
ԱԺ փոխնախագահը համոզված է, որ Հայոց ցեղասպանության հարցում պայքարի կենտրոնը պետք է լինի Երևանը, և բոլորը պիտի գիտակցեն, որ պաշտոնական Երևանը հետևողական է լինելու ժխտողականության դեմ պայքարում: