Հայաստան 

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ:

Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը և կարևորել է տարածաշրջանային, ինչպես նաև իրականացվող դոնորական ծրագրերում Հայաստանի ընդգրկումը:

Սերժ Սարգսյանի խոսքով, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը և ՊԳԿ-ին անդամակցելը հնարավորություն է ընձեռել իրականացնել ՀՀ տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող մի շարք առաջնահերթ ծրագրեր՝ ապահովելով դրանց ֆինանսավորումը: Հանրապետության Նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է սատարել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ կազմակերպությունում իրականացվող բարեփոխումներին:

Նախագահի խոսքով, Հայաստանը հետևողականորեն աշխատում է ՊԳԿ-ի հետ՝ իր ներդրումը բերելով աշխարհում պարենային անվտանգության ապահովման գործին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության հեռանկարներին:

Այս համատեքստում զրուցակիցներն ուրախությամբ են փաստել, որ արդեն իսկ ստորագրվել է ԵՏՄ–ՊԳԿ փոխգործակցության միջոցառումների ծրագիրը և վստահություն են հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ՀՀ–ՊԳԿ համագործակցության համար: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին հաջողություն է մաղթել ս.թ. հունիսին կայանալիք ՊԳԿ 39-րդ համաժողովի աշխատանքներին, ինչպես նաև գլխավոր տնօրենի մանդատի համար անցկացվելիք ընտրություններին:


ՀՀ Նախագահի աշխատակազմ 

Նույն շարքից