Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռեւս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
ArmenPress-ի փոխանցմամբ, ճնշումը նրա եւ Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ է փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագը ոչ միայն կմատուցվի, այլեւ ուղիղ կհեռարձակի: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրել է իր քարոզը եւ նախատեսվում է, որ պատարագից հետո նա կմոտենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին (սովորաբար, պատարագը վերջացնելուց հետո Պապը դուրս է գալիս տաճարից):
Հռոմ ժամանած լրագրողներին ներկայացնելով սպասվող պատմական իրադարձության մանրամասները՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակագ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշեց, որ մատուցվելիք պատարագի ավարտին նախատեսված են նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ելույթները: «Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով. բացի վերը նշածներիցս, կարեւոր է նաեւ առանձնացնել, որ տեղի կունենա հայկական մեռելոցի ծիսական կարգ: Պատարագը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցվում է աշխարհի բոլոր հայերի համար»,- ասաց դեսպանը: Նախատեսվում է, որ պատվիրակություններ կլինեն տարբեր մայրցամաքների երկրների հայկական համայքներից:
Պատարագի ավարտին կլինի նաեւ Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: «Կհնչի լատիներեն ֆորմուլան եւ Նարեկացին կհայտարարվի Տիեզերական եկեղեցու վարդապետ»,-ասաց Միքայել Մինասյանը:
Իսկ մինչ պատարագը, ապրիլի 11-ին եւս մեկ հիշարժան միջոցառում է ծրագրված. Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկօրինակը կզարդարի իտալական Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը: Խաչքարը կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը կօծվի ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ կարդինալ Սեպեի: