Հայաստան 

Նախագահը բարձր է գնահատել 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ամեն անգամ հաճույքով է ժամանում «հավերժական քաղաք»՝ Հռոմ, որտեղ յուրաքանչյուր քայլափոխի կարելի է ականատես լինել պատմամշակութային հարուստ ու անկրկնելի ժառանգության: Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ այդ ժառանգության համայնապատ¬կե¬րում իր ուրույն տեղն ունի նաեւ հայկական մշակույթը, ինչը, ըստ նրա, պատահական չէ, քանի որ հայ եւ իտալացի ժողովուրդները պատմական կապերի ու համագործակցության հարուստ անցյալ ունեն: Նախագահը նշել է, որ հաճույքով է հիշում նախորդ այցը Իտալիա, երբ առիթ է ունեցել Հռոմին նվիրել հին հայկական խաչքար՝ ի նշան հայ-իտալական հավերժական բարեկամության:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Երեւանն ու Հռոմը համագործակցության մեծ ներուժ ունեն եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն երկու մայրաքաղաքների միջեւ կապերն առավել զարգացնելու եւ խորացնելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գործում Հռոմի քաղաքապետն իր անձնական ներդրումը կբերի: Քաղաքապետ Ինյացիո Մարինոյին Հանրապետության հրավիրել է այցելել Երեւան:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առանցքում կարեւոր դերակատարություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, որը տարեցտարի ընդլայնվում է: Հաշվի առնելով աշխարհում ապակենտրոնացված համագործակցության եւ հանրային դիվանագիտության դերի բարձրացման միտումները՝ զրուցակիցները վստահություն են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջեւ շփումների ակտիվացումը նոր որակ կհաղորդի երկկողմ կապերին:

Անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որ ինչպես աշխարհի շատ անկյուններում, Հռոմում եւս անց են կացվում եւ մինչեւ տարեվերջ տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազում միջոցառումներ։ Նախագահը բարձր է գնահատել 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նախագահի խոսքով, Իտալիայի ավելի քան 60 նահանգային եւ քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանը դիտարկում է թե՛ որպես հավատարմություն համամարդկային արժեքներին եւ թե՛ հայ ժողովրդի հանդեպ համերաշխության դրսեւորում: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը պատահական չի համարել նաեւ այն փաստը, որ «հավերժական քաղաքում» տեղադրված է Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ Հռոմի քաղաքապետն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հումանիտար կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ հարուստ մշակութային պատմություն ունեն, եւ օրինաչափ է, որ այս բնագավառը հայ-իտալական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչն է։

Անդրադարձ է եղել նաեւ Իտալիայի հայ համայնքի գործունեությանը: ՀՀ նախագահը, մասնավորապես, նշել է, որ Իտալիայի իշխանությունների եւ իտալացի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա՝ գիտության, արվեստի, սպորտի, գործարարության ոլորտներում` իրենց համեստ ներդրումն ունենալով նաեւ Իտալիայի բարգավաճման գործում:

Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումից հետո, նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ դիտել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի 3000-ամյա պատմությունն ու Իտալիայում հայերի ներկայությունը փաստող մի շարք նյութեր։ Այս ցուցահանդեսով մեկնարկել են Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որտեղ հատուկ բաժնով ներկայացված են նաեւ այդ ոճրագործության վկայությունները։

Այսօր ՀՀ նախագահը հարցազրույց է տվել նաեւ իտալական “Corriere della seara” օրաթերթին` պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների, հայ-իտալական եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ եւ բազմաթիվ այլ հարցերի:

Նույն շարքից