Հայաստան 

Թուրքական և արտասահմանյան մամուլի արձագանքը Հռոմի պապի հայտարարությանը

Թուրքական թերթերի մեծ մասի առաջին էջին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունն է: Թուրքական լրատվամիջոցները ներկայացնում են Թուրքիայի ԱԳՆ-ի և պաշտոնյաների հայտարարությունները Հռոմի պապի հայտարարության վերաբերյալ, գրում է «Ակօս»-ը:

 


«Հուրրիյեթ».  թերթի շապիկին «1915-ի ճգնաժամը՝ Հռոմի պապի հետ» վերնագիրն է: «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի կայացած պատարագի ընթացքում 1915-ի դեպքերը «ցեղասպանություն» է կոչել, ինչին ԱԳՆ-ն պատասխանել է՝ Վատիկանի դեսպանին կանչելով ու ասելով, որ իրենք հիասթափված են: Դավութօղլուն էլ (Թուրքիայի վարչապետը- Tert.am) ասել է, որ Պապին սազական չէ ցավերի միակողմանի մոտեցումը»,- գրել է թերթը:

 

 

«Հաբերթուրք». «Ռասիզմին մրցանակ» վերնագրված նյութում օգտագործվել է Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ Պապի հայտարարությունը «Եվրոպայում աճող ռասիզմին շնորհված մրցանակ է»:

 


«Միլլիյեթ». «Ցեղասպանություն ասած Պապին կոշտ արձագանք» վերնագրով նյութում նշվում է, որ Վատիկանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, իսկ Վատիկանում Թուրքիայի դեսպանը՝ Թուրքիա:

 


«Աքշամ». «Պապն ինքն իրեն հակասում է» վերնագրով նյութում մեջբերվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, որում նշվել է, որ Պապի երեկվա հայտարարությունը հակասում է Ստամբուլի այցի ընթացքում հղած խաղաղության մեսիջին:
 

 


«Բիրգյուն».  «Ֆրանցիսկոս պապի հետ Ցեղասպանության ճգնաժամը» վերնագրով նյութում ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերն են տեղ գտել, որում նա նշել էր, թե Պապի ելույթը իրականությունից հեռու է:


 

«Ջումհուրիյեթ». «Վատիկանն ասաց «ցեղասպանություն», Անկարայում իրարանցում սկսվեց»: Առաջին էջին տեղ գտած լուրի մեջ նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի հանդեպ է տեղի ունեցել»:
 

 

«Միլլի գազեթե». Առաջին էջում թերթը գրում է, որ «ողջ աշխարհի առաջ Հռոմի պապը Թուրքիային ցեղասպանության հարցում զրպարտել է»:

 


«Սաբահ». «Թուրքիան զայրացած է Պապի վրա» վերնագրով նյութում տեղ է գտել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որ Արտգործնախարարությունը խոստացել է անպայման պատասխանել Պապին:

 


«Սթար». «Պա՛պ, դու գործի՛դ գնա» վերնագրով նյութում նշվում է, որ Անկարան կոշտ արձագանք է տվել Հռոմի պապին:

 


«Զաման» «Անկարայի կոշտ արձագանքը Հռոմի պապի խոսքերին» վերնագրով նյութում մեջբերվում են Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն ու դեսպանի հետկանչի մասին տեղեկությունը:

 

Արտասահմանյան լրատվամիջոցների արձագանքը.

 

AP.  «Ֆրանցիսկոս պապը հայերի ջարդերի 100-ամյակին տեղի ունեցածները կոչել է 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանություն: Դա, անկասկած, Թուրքիային զայրացնող պայթյունավտանգ հայտարարություն է»:

 


Guardian. «Ֆրանցիսկոս պապը «Հայոց ցեղասպանություն» է ասել: Այդ հայտարարությունը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին կարող է վնաս հասցնել»:
 

 

Financial Times. «Ֆրանցիսկոս պապի կողմից Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի սպանությունները «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» կոչելուց հետո Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Վատիկանի դեսպանին:

Հատկապես անցյալ տարի Հռոմի պապի՝ Թուրքիա կատարած բարեկամական այցից հետո այս հայտարարությունն անակնկալ է եղել Թուրքիայի համար»:

 

BBC. «Ֆրանցիսկոս պապն Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունները որպես «ցեղասպանություն» է բնութագրել, ինչը քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից: Արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պապի հայտարարությունն իրականությունից շատ է հեռու»:

 

CNN. «Հռոմի պապն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Պապի կողմից այս հայտարարությունը վշտացրել է Թուրքիային»։

 

Independent. «Պապը Օսմանյան կայսրության տարածքում թուրքերի կողմից հայերի սպանությունների դեպքերը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» է կոչել: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ թուրք առաջնորդները Պապի այսօրվա պատարագի ընթացքում այդ ելույթը կանխել են փորձել»:
 

 

Sky News.  «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի սպանությունները Հռոմի պապի կողմից «20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանություն» որակվեցին, ինչը, սակայն, Թուրքիայում զայրույթի պատճառ դարձավ»:

 


Huffington Post. «Օսմանյան կայսրության տարածքում թուրքերի կողմից սպանված հայերի համար «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» ձևակերպումից հետո Թուրքիան Վատիկանի հետ հարաբերություններում վստահությունն է կորցրել ու հիասթափություն հայտնել:
Կիրակի օրվա պատարագի ընթացքում ունեցած ելույթով՝ Հռոմի պապը դիվանագիտական ճգնաժամի մեկնարկը տվեց»:

 


Al Jazeera. «Պապի կողմից «Հայոց ցեղասպանության» մասին հայտարարությունից հետո Վատիկանի դեսպանը բացատրություն տալու համար կանչվել է ԱԳՆ»:

 


Հիշեցնենք, որ կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն է»։



Աղբյուրը՝ tert.am


Նույն շարքից