Հայաստան 

Նախօրեին տեղի ունեցած պատարագից հետո կարելի է սպասել ողջ աշխարհի արձագանքին․ Ալեքսանդր Իսկանդարյան

Հռոմի պապի հայտարարությանը հաջորդած Անկարայի նյարդային արձագանքը Թուրքիայի դեմ է աշխատում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։



Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, Իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին։



«Անկարան արդեն ցուցադրել է իր նյարդային արձագանքը Գալիպոլիի տոնակատարության հարցում։ Նրանց բոլոր նյարդային քայլերն աշխատում են իրենց դեմ։ Նրանք շատ են նյարդայնանում և սխալներ են գործում։ Հուսով եմ, որ այդ հայտարարությունը չի ազդի Թուրքիայում բնակվող կաթոլիկների վրա, և նրանց նկատմամբ պատասխան արձագանք չի լինի», – նշեց Իսկանդարյանը։


 

 

Իսկանդարյանի խոսքով` նախօրեին տեղի ունեցած պատարագից հետո կարելի է սպասել ողջ աշխարհի արձագանքին։



«Նախօրեին տեղի ունեցած իրադարձությունը չափազանց կարևոր է, քանի որ Հռոմի պապը, իհարկե, քաղաքական գործիչ է, սակայն նա այնքան քաղաքական գործիչ չէ, որքան` քրիստոնեական աշխարհի հոգևոր առաջնորդ։ Պապի խոսքը միշտ հաշվի են առնում։ Իհարկե, դա նկատելի կլինի ողջ աշխարհում», – ասաց Իսկանդարյանը։


 

«Սա չափազանց կարևոր է քրիստոնեական աստվածաբանության և ընդհանրապես բոլոր քրիստոնեական եկեղեցիների զարգացման համար, քանի որ Պապի խոսքը համընկավ կաթոլիկ եկեղեցու որոշման հետ», – ասաց Իսկանդարյանը։



Նա նաև ընդգծեց, որ Հռոմի պապը պատրաստ է ուշադրություն չդարձնել կամ անտեսել որոշ քաղաքական հանգամանքներ` հօգուտ հոգևոր հանգամանքների։


 

Այն հարցին, թե Հռոմի պապի ելույթը կազդի Ցեղասպանության ճանաչման մասին տարբեր երկրների որոշումների վրա`Իսկանդարյանը պատասխանեց, որ դա կարող է տեղի ունենալ ժամանակի ընթացքում, սակայն` ոչ արագ և ոչ էլ մինչև այս տարվա ապրիլի 24–ը։

Նույն շարքից