Ֆրանցիսկոս Հռոմի Պապի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում կարևոր տեղ կգրավի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, երեքշաբթի լրագևողներին ասաց Հայաստան–ԵՄ համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, հայկական խորհրդարանի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագը Վատիկանում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի անցկացրած առաջին պատարագն էր և կարևոր տեղ զբաղեցրեց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում։
«Դա շատ մեծ ձեռքբերում է, քանի որ Ֆրանցիսկոս Հռոմի Պապն այն բացառիկ մարդն է, ով «եղանակ» է ստեղծում աշխարհում, և կարևոր է, որ նա որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ չվախեցավ երևույթներն իրենց անուններով կոչել` 1915 թվականի իրադարձությունները բնութագրելով որպես առաջին Ցեղասպանություն և 21–րդ դարի ամենամեծ ողբերգություն»,– ասաց Ֆարմանյանը։
Ըստ նրա, դրանով նա ցույց տվեց Թուրքիային ժխտողականության քաղաքական սխալ լինելը և փաստերն ընդունելու անհրաժեշտությունը` սատարելով միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վճռականության հարցում։
Ֆարմանյանը նշեց նաև, որ Հռոմի Պապը ոչ միայն հայտնեց իր աջակցությունը հայ ժողովրդին, այլ նաև համաշխարհային առաջնորդի յուրօրինակ դեր ստանձնեց, ընդգծելով, որ աշխարհաքաղաքական շահերը երբեք չպետք է գերակշռեն համամարդկային արժեքների նկատմամբ։