ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, կարտասանի «Ցեղասպանություն» բառն ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
«Հռոմի Պապի հայտարարությունից հետո հավանականությունը, որ Օբաման, այնուամենայնիվ, կարտասանի «ցեղասպանություն» բառը, ավելացել է։ Այժմ Թուրքիան կրնկապատկել է ջանքերը, որ թույլ չտա դա»,– ասաց Իսպիրյանը։
Թուրքագետի կարծիքով, Անկարայի կտրուկ արձագանքը Հռոմի Պապի ելույթին ավելի մեծացրեց այդ հայտարարության ազդեցությունը։ «Որպես հետևանք, կլինեն նոր հայտարարություններ։ Երեկ երեկոյան Իտալիայում մեծ իրարանցում էր Թուրքիայի արձագանքի հետ կապված։ Իտալական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պահանջում էին, որ Իտալիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ իտալական ԱԳՆ ղեկավարը կոշտ է արձագանքել Թուրքիայի քննադատությանը Հռոմի Պապի վերաբերյալ։ Թուրքիան, ըստ էության, նյարդայնացրել է Եվրոպային»,– ավելացրեց նա։
Միաժամանակ, թուրքագետը հասկանալի է համարում Անկարայի մտահոգությունը։ «Թուրքիան մտահոգված է, քանի որ Հռոմի Պապի հայտարարությունները բարդ դրության մեջ են դրել այն քրիստոնյա առաջնորդներին, ովքեր, ելնելով քաղաքական շահերից` չեն օգտագործել «ցեղասպանություն» բառը»,– ասաց Իսպիրյանը։