Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» հարցը: Որոշման նախագծում առաջարկվում է սահմանել, որ 2015 թվականի ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության, այդ թվում` մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
Առաջարկվում է նաև մինչև 2015 թվականի ապրիլի 20-ը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ ոստիկանություն ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակություններում ներառված մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները:
«Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: