Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որը Եվրախորհրդարանն ընդունել է նախօրեին, ուղերձ է միջազգային հանրությանն այն մասին, որ Ցեղասպանությունը ժխտելու թուրքական քաղաքականությունը չի կարող հավերժ շարունակվել, հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը հայտնվել է բարդ իրավիճակում` ամեն օր նոր հարվածներ ստանալով միջազգային կառույցներից», – նշեց Մելքոնյանը։
Նրա խոսքով` բանաձևի քննարկման ժամանակ հնչած եվրախորհրդարանականների կարծիքները շատ կարևոր են Հայաստանի համար։ «Ըստ էության, Եվրախորհրդարանի նման հեղինակավոր կառույցը հստակ գնահատական տվեց Ցեղասպանությանն ու ներկայացրեց իր դիրքորոշումը», – ընդգծեց Մելքոնյանը։
Նա նաև նշեց, որ բանաձևի ընդունումը լարված մթնոլորտ է ստեղծել Թուրքիայում, իսկ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո արդեն գիշերը պաշտոնական Անկարան սկսեց հանդես տալ տարբեր հայտարարություններով, որոնք, ըստ էության, խուճապային էին, հեռու էին էթիկայի նորմերից, երբեմն անգամ վիրավորական էին։
«Թուրքիան բավականին դժվար վիճակում է, քանի որ դարձել է ժխտողականության սեփական քաղաքականության գերին», – ավելացրեց թուրքագետը։
Նրա խոսքով` որքան էլ հիստերիկ և ագրեսիվ լինի Թուրքիայի արձագանքը, այն որևէ լուրջ ազդեցություն չի ունենա։