Հայաստան 

Նաիրա Զոհրաբյանը Եվրոպական խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Ցեղասպանության բանաձևի համար

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նամակ  է հղել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու կապակցությամբ։


Նամակում ասվում է.


«Եվրոպական խորհրդարանի հարգարժան պատգամավորներ



ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին,  բոլոր այն պատգամավորներին, ովքեր երեկ,  Եվրախորհրդարանի լիագումար նիստում,   պաշտպանեցին ճշմարտությունն ու արդարությունը և կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը  դատապարտող  բանաձևին։



Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք,  որ որևէ քաղաքական կամ տնտեսական  շահ չի կարող վեր լինել  ճշմարտությունից,  և որ մեր բոլոր գործողությունների չափորոշիչը պիտի լինի միմիայն արդարությունը։



Հարգարժա՛ն գործընկերներ,  այս բանաձևի ընդունմամբ դուք կրկին անգամ  վերահաստատեցիք ձեր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու  համամարդկային արժեքներին և հաստատեցիք, որ պատմական ճշմարտությունը երբեք ու որևէ ժամանակում  չի կարող և չպետք է լինի սակարկման առարկա։



Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ,  ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին և հատկապես Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների  դաշինքին, որի  անդամ է «Բարգավաճ Հայաստանը»։  Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի  11 պատգամավոր, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի  փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը, եղել են  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի համահեղինակներ, իսկ խմբակցության պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բանաձևին։

Նույն շարքից