Հայաստան 

Նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ․ Տ. Հրիսթեա

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր է խորհրդարանական լսումներ՝ «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մինչ նիստի սկիզբը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար:

 

 

Ելույթի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ով նշեց, որ մայիսի 21-22 Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ-ն շահագրգիռ է զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, և չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Արևելյան գործընկերության՝ ԱլԳ-ի ներդրումը մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում:

 

 

«ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել յուրաքանչյուր երկրի համար, և նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո շարունակել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ ԱլԳ-ի շրջանակներում, բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՀՀ-ի նոր ընտրության հետ:

 

 

«Մենք մանդատ ենք նախատեսել ապագա համագործակցության համար, շուտով այդ մանդատը կհաստատվի։ Թե ինչպիսին կլինի ժամանակացույցը, ներկայումս դժվար է կանխատեսել, մենք հուսով ենք, որ այդ գաղափարների փոխկապակցումը կլինի և դրանից հետո Ռիգայի համար կներկայացնենք և խորհրդակցություններ կանենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ»,-ասաց նա:

 

Հրիսթեան ներկայացրեց նաև Եվրոպական հարևանության հրապարակած 2014 թ զեկույցը՝ ընդգծելով, որ Հայաստանը որոշ սահմանափակ առաջընթաց է ունեցել, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանը դեռ, մեղմ ասած, առաջընթաց չունի:
 



«Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական հարց է մնում, ուզում եմ ընդգծել, որ զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվել ընտրական համակարգի բարեփոխումներին: ԵՄ-ի համար չափազանց կարևոր է այս ոլորտներում ներգրավել Հայաստանին, աջակցություն ստանալ և առաջ տանել բարեփոխումները. հիմնական սկզբունքը «ավելին ավելիի դիմաց է»,-ասաց նա և նշեց, որ այդ երկխոսությունը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա հասկանալ, որ ԱլԳ-ն պարզապես ընդհանուր քաղաքականություն չէ, այլ առնչվում է իրենց կարիքները հոգալուն և օրինակ բերեց վիզաների ազատականացման քաղաքականությունը:

 



«ԵՄ արժեքները պետք է վեր լինեն անեն ինչից, սա է ֆինանսական աջակցության հիմքը»,-զգուշացրեց նա, սակայն հավելեց, թե տեղյակ է կոռուպցիայի դեմ պայքարի համար  բյուջետային գրասենյակի ստեղծման մասին, և ԵՄ-ն ապավինում է բոլոր այն միջոցներին, որոնք ապահովում են, որ վերահսկողություն լինի:

 

 

«ԵՄ-ն ու ՀՀ-ն արդեն իսկ հուշագիր են ստորագրել. այդ աջակցությունը նախատեսում է ապագա համագործակցության հիմքերը, և 140-170 միլիոն եվրո գումար ենք տրամադրել։ Միայն 90 միլիոն եվրո տրամադրել ենք երկկողմ հարաբերությունների համար, տրամադրել ենք մասնավոր հատվածի զարգացման աջակցության և մարդու իրավունքներին աջակցելու համար»,-նշեց նա:

 

 

Դեսպանի խոսքով՝ ԵՄ աջակցությունը քաղհասարակությանն ավելացել է, քանի որ նպատակ ունեն բարելավելու քաղհասարակության դերը, որի ներկայացուցիչները պետք է երկխոսության մեջ մտնեն կառավարության, ԱԺ-ի, իշխանության այլ թևերի հետ:
 



«Համոզված եմ, որ Ռիգայի գագաթնաժողովը հաստատելու է ԵՄ-ի հանձնառությունը, որ Արևելյան գործընկերությունը մեր առաջնային խնդիրն է մնում՝ ավելի սերտ, տարբերակված հարաբերություններ հաստատել ինքնիշխան և անկախ Արևելյան գործընկեր երկրների հետ, բոլոր վեց պետությունների՝ ինչպիսին էլ լինի նրանց հավակնությունների մակարդակը»,-ասաց նա:

 



«Վիլնյուսից հետո զարգացումները մարտահրավեր են աշխարհաքաղաքականության շրջանակում, սակայն Արևելյան գործընկերության ներդրումը որպես քաղաքականություն կա և մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում»,-եզրափակեց նա:

Նույն շարքից