Հայաստան 

Ռիգայից իրականում բոլորը կվերադառնան գործնական ծրագրերով. Թևան Պողոսյան

«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված  խորհրդարանական լսումներին, որը նախաձեռնել էր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, թե սեպտեմբերի 3-ից հետո թե՛ ԵՄ,  թե՛ ՀՀ-ն գիտակցեցին, որ շահերն ավելի կարևոր են և պետք է դրանց հաստատման համար նոր ուղիներ փնտրել:



Պատգամավորը հարց է հնչեցնում, որ եթե կողմերը գիտակցում էին, որ ունեն երկուստեք  շահեր, ինչո՞ւ գրեթե մեկ տարի տեղից չշարժվեցին:

 

 

«Երկու կողմն էլ, ըստ իս, սպասում էին ինչ-որ բանի, որ սայլը տեղից շարժվեր»,-պատասխանեց պատգամավորը իր իսկ հարցին։
 



Նա հորդորեց ԵՄ ներկայացուցիչներին անկեղծ լինել և հաստատել, որ ՀՀ-ն ուներ անվտանգության հարց և ըստ այդմ էլ շարժվեց՝ ընտրելով ԵՏՄ-ն: Նա նաև նշեց, որ նույն  Եվրոպական նոր հարևանության ծրագրին միացած երկրների հարցում որևէ  ձևով դժվար է  ասել, որ այդ երկրներում վիճակը բարելավել է:

 



«Եթե նայում ենք նույն Արևելյան գործընկերության երկրներին, ապա այստեղ էլ պետք է ազնիվ լինենք և ասենք, որ այն երկրները, որոնք հանգիստ են միացել Ասոցացման համաձայնագրին, դրանք ունեն տարածքային կորուստներ՝ Վրաստան, Մոլդովա, երկու երկիր էլ, որոնք չունեին տարածքային կորուստ՝ Հայաստանն ու Ուկրաինան էին: Իսկ Ուկրաինայում տեղի ունեցածը բոլորս գիտենք»,-ասաց նա:

 

 

Թևան Պողոսյանը խոսեց հայկական կողմի և ԵՄ-ի՝ այս համաձայնագրից ակնկալիքներից:



«Հայկական կողմն ակնկալում է, որ ԵՄ անդամները շատ արագ մանդատի հարցը կլուծեն, և կլինի նոր համաձայնագիր, և ԵՄ-ն էլ, որ կունենա կոնսոլիդացիայի և ԱլԳ-ի մասին նոր պատկերներ»,-ասաց նա:

 

 

Թե ինչ է տալու Ռիգայի գագաթաժողովը ՀՀ-ի մասով՝ պատգամավորը կարող է կանխատեսել՝ վիզաների ազատականացման մասին շեշտադրումներ լինեն, Եվրոպական ծրագրերին կմասնակցեն, կլինեն քաղաքացիական, երիտասարդական, մշակութային ծրագրեր, միգուցե ազատ երկնքի հարցը կշոշափվի, նաև մարդու իրավունքների մասին  հայտարարություն լինի:



«Հուսանք, որ Ռիգայից իրականում բոլորը կվերադառնան գործնական ծրագրերով»,-ասաց նա:

 

 

Նա նաև հարցրեց, թե ինչ է դրա համար առաջարկում ՀՀ-ն Ռիգայից առաջ:

 



«Պատասխանը մեր մեջ պետք է փնտրել, և թեպետ ՀՀ-ն հաստատում է իր պատրաստակամության մասին, բայց ներքին տեղաշարժ այնուամենայնիվ չեմ տեսնում»,-ասաց նա և նշեց, թե ՀՀ իշխանությունները մեկ ելք ունեն՝ ի վերջո պայքար տանել կոռուպցիայի,  մենաշնորհների դեմ, անդրադառնալ երկրի արդիականացման այլ խնդիրներին։

«Ինձ թվում է՝ այս խնդիրները պետք է լուծվեն մեր սեփական միջոցներով ու ունակություններով»,-ասաց նա և հավելեց, թե դրա համար կամք է պետք, որը, սակայն, նա չի տեսնում:
 

Նույն շարքից