Հայաստան 

ՀՀ-ի մուտքը ԵՏՄ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր սպեկտորներում․ Ա. Զաքարյան

«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված  խորհրդարանական լսումներին, որը նախաձեռնել էր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ մայիսին Ռիգայում կազմակերպվող գագաթաժողովը կդառնա Վիլնյուսից հետո այն կարևոր հարթակը, որտեղ ամփոփվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության տեսլականը: 

 

 

«Բարդ ժամանակներ ենք ապրում և ուստի հեշտ չեն լինելու լուծումները, և հասկանալի կլինեն ԵՄ կողմից զգուշավոր մոտեցումները տարբեր երկրների պարագայում»,- ասաց նա և հավելեց, թե ուրախ է, որ այս փուլում լիակատար ըմբռնում ունեցան ԵՄ գործընկների հետ:



Նա նկատեց, թե  գուցե ապագայում լավագույն լուծումը կլինի բազմավեկտոր քաղաքականության ուղին և ՀՀ նախագահի կողմից մշտապես շեշտվող կամրջվող գործառույթներ պահանջող ուղին:



Արտակ Զաքարյանը շեշտեց, որ  Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները հիմնվում է համաեվրոպական արժեքների վրա: «Թևակոխել ենք Հայաստան-ԵՄ երկխոսության նոր փուլ, քննարկելու, թե որ ոլորտներում կարող է Հայաստանը համագործակցել ԵՄ-ի հետ` չխաթարելով ԵՏՄ անդամակցության պայմանավորվածությունները: ՀՀ-ի մուտքը ԵՏՄ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր սպեկտորներում»,- ասաց պատգամավորը:
 



Արտակ Զաքարյանը նշեց, որ իրավական հիմքի ձևավորումն է ներկայումս ընթանում և ավելացրեց, որ լիահույս են, որ Ռիգայի գագաթաժողովի հիմնական ուղերձը կլինի այն, որ ԵՄ-ն հետաքրքրված է շարունակել ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը:

Նույն շարքից