ԼՂՀ Ազգային ժողովում 3 հնաբնակներին կմիանան 1-2 քաղաքական ուժ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Արցախում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և ներկայացրեց ով իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Հարցումն անցկացվել է ապրիլի 11-12-ը, հարցվող գտնելու համար առաջարկ է արվել 2392 քաղաքացու, նրանցից 592-ը (մոտ 25%) հրաժարվել է պատասխանել՝ ընտրություններին անտարբեր լինելու պատճառով:
Համամասնական համակարգով 7 քաղաքական միավորումների մասնակցության վերաբերյալ տեղեկացվածությունն այսպիսին է.
«Ազատ հայրենիք»՝ 68,3%, «Ազգային վերածնունդ»՝ 28,7%, Արցախի ժողովրդավարական կուսակցություն՝ 58,3%, Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 57,9%, «Շարժում 88»՝ 38,2%, Կոմունիստական կուսակցություն՝ 18,4%, «Խաղաղություն և զարգացում»՝ 10,4%:
«Արցախի իշխանությունները պետք է կարողանան համագործակցել ընդդիմության հետ»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ ընդդիմադիր «Շարժում 88» կուսակցության առաջնորդ Վիտալի Բալասանյանի հետ իր երկու հանդիպումներից պարզվել է, որ նա դեմ չէ կառուցողական ընդդիմությանը:
«Արցախը պետք է բոլոր ուժերին համախմբի, որովհետև իր առջև կանգնած մարտահրավերներն ավելի լուրջ են, քան Հայաստանինը»,- նկատեց սոցիոլոգը:
«Պայքարը կա, հանդիպումները լինում են, բայց որ ամենակարևորն է՝ չկա վարկաբեկում, չկա դատարկ, մերկ քննադատություն: Կարծեք թե ընտրությունների համար պայքարող ուժերը պայմանավորվել են տալ դրական, կառուցողական առաջարկներ, ծրագրեր, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ում ծրագիրն է ավելի իրականանալի և ավելի հեռանկարային, ձայնը տա նրան»,- ասաց Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ այդ առումով Արցախը կարող է դառնալ տարածաշրջանի ժողովրդավարության լավագույն մոդելը: Ամենակարևորը, ըստ սոցիոլոգի, այն է, որ գործընթացների արդյունքում Արցախը հաստատում է, որ նա չի կարող վերադառնալ Ադրբեջան, որտեղ ավտորիտար կառավարման ռեժիմ է: Արցախն արդեն ժողովրդավարական ստանդարտները յուրացրած միավոր է: