Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցին, թե ԵՄ-ՀՀ համագործակցության նոր համաձայնագրի հիմքում արդյո՞ք կլինեն միայն քաղաքական մասին առնչվող հարցեր, ինչպես օրինակ՝ եվրոպական արժեքներին վերաբերող հարցեր, նշեց, որ այնտեղ կլինի նաև առևտրատնտեսական բաղադրիչ։
«ՀՀ-ԵՄ ապագա փաստաթղթի հիմքում ընկած չէ միայն արժեքների մասին ձևակերպումներ, այնտեղ կան բաժիններ՝ քաղաքական երկխոսության, արդարադատության ոլորտային համագործակցությամբ, անշուշտ կլինեն բաժիններ՝ կապված առևտրատնտեսական բաղադրիչի վերաբերյալ»,-ասաց նա։
Փոխնախարարը նկատեց, թե չէր ուզենա հոռետես լինել այն հարցում, որ հնարավոր է սա ևս արժանանա նախորդի ճակատագրին։ «Նախորդ փաստաթղթի վրա վետո չի դրվել, նախորդի վերաբերյալ կա հստակ ձևակերպում վիլնյուսյան գագաթնաժողովում ստորագրված համատեղ հռչակագրում: Դրանով կողմերն արձանագրում են, որ Հայաստանն ավարտել է բանակցությունները Ասոցացման համաձայնագրի, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ»,- ասաց նա:
Հարցին, թե կարիք չկա արդյոք փաստաթղթի տնտեսական հատվածն այլ հատվածներից առանձնացնել, փոխնախարարը պատասխանեց, որ մտքերի փոխանակման փուլում նման պայմանավորվածություն չեն ունեցել ԵՄ գործընկերների հետ:
«Այստեղ խոսքը խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին չէ, խոսքը առևտրա-տնտեսական բաղադրիչի մասին է, որը տեղ կգտնի ապագա փաստաթղթում»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչը կարող է խոչընդոտ հանդիսանալ նոր փաստաթղթի ստորագրմանը, Կարեն Նազարյանը պատասխանեց, որ նման մտավախություն այս պահին չկա: «Մտքերի փոխանակման գործընթացը շատ անկաշկանդ էր և թափանցիկ: Առիթ ենք ունեցել անդրադառնալ բոլոր խնդիրներին: Մեր հիմնական հարցերը եղել են համատեղելիության ասպեկտները»,- ասաց նա:
ԱԳ փոխնախարարը նկատեց, թե իրատեսական է այն, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵՄ-ի և ԵՏՄ–ի միջև. «Դա ընկած է Եվրամիության հետ մեր քննարկումների հիմքում, այդ ամբիցիան կա, հուսանք, որ կարող ենք իրականացնել»։