Հայաստան 

Արցախում հալածանքներ են իրականացվել «Ազգային վերածնունդ»-ի ներկայացուցիչների նկատմամբ. ՀԽ

Հիմնադիր խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել Արցախում իրականացվող հալածանքների վերաբերյալ:



Անցնող օրերի ընթացքում Արցախում պատգամավորական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում հալածանքներ են իրականացվել Ազգային վերածնունդ կուսակցության, նրա ներկայացուցիչների ու անդամների նկատմամբ:



Ազգային վերածնունդ կուսակցությունը ամբողջությամբ օրենքի շրջանակներում և համակարգի տրամաբանության ներքո մասնակցեց այդ ընտրական գործընթացներին որպես ընդդիմադիր ուժ և այդ համակարգի կողմից ենթարկվեց հալածանքների:



Ավելորդ չէ նշել, որ Արցախի իշխանությունները Երևանյան ռեժիմի ենթակա մասնաճյուղն են, և այս իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հալածանքների տրամաբանական շարունակությունն են:



Հունվարի 31-ին Բերձորում ԼՂՀ պետական կառույցների ձեռամբ Հայաստանյան ռեժիմի իրականացրած պետական ահաբեկչությանը և վանդալիզմին հաջորդած այս հալածանքներն ապացույցն են այն բանի, որ ռեժիմը պատրաստ է բռնություն կիրառել և հետապնդել նույնիսկ ամենաանմեղ ձևով իրեն մարտահրավեր նետող ցանկացած ուժի նկատմամբ:



Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է Ազգային վերածնունդ կուսակցության նկատմամբ իրականացված հալածանքները և Հայաստանում (Արցախը ներառյալ) գործող ազնիվ ուժերին ու անհատներին կոչ է անում ճիշտ գնահատել տիրող համակարգի ու ռեժիմի էությունը և համապատասխան հետևություններ անել այն հեռացնելու ուղիների գիտակցման վերաբերյալ:

Նույն շարքից