Հայաստան 

Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽ ԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը կարող է առաջացնել Լեռնային Ղարաբաղի մասին պատրաստվող զեկույցը։



Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

 

«Հարգելի գործընկերներ,

 

Մեկ շաբաթ առաջ, Հայոց ցեղասպանության  հարյուրամյակի նախաշեմին, ԵԽ ԽՎ  նախագահ տիկին Անն Բրասերն այցելեց Հայաստան: Այցի օրակարգը հագեցած էր և օգտակար` մեր երկրին ու տարածաշրջանին առնչվող շատ վճռական հարցերի առումով:  Նախագահը, խոսելով ցեղասպանության շուրջ,  հատկապես ընդգծեց անցյալի հետ առերեսվելու և առաջ շարժվելու կարևորությունը:

 

 

Ցավոք, Թուրքիան ոչ միայն չի ընդունում իր անցյալը, այլ հիրավի իրականացնում է պատմության զեղծարարության քաղաքականություն: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այս երկիրն իրեն ներկայացնում որպես անվտանգ նավահանգիստ փախստականների համար,  և որ ավելի ցինիկ է՝ Թուրքիան պնդում է՝ լինել այդ ապահով ապաստարանը ՝ սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից, երբ հայերը, հույները, բուլղարացիները, ասորիները, հրեաները և մնացած ոչ մահմեդական բնակչությունը օսմանյան լծի տակ համակարգված սպանվել են, խոշտանգվել և արտաքսվել իրենց հայրենի հողերից, ոչնչացվել է նրանց մշակութային ժառանգությունը:
Այժմ օրակարգի շուրջ:

 

 

Կցանկանայի Ձեզ հետ կիսել հայկական պատվիրակության մի շարք մտահոգությունները` Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթի շուրջ, որը պետք է պատրաստվի Վեհաժողովի կողմից:



Հայկական պատվիրակությունը այս հարցի շուրջ մշտապես պաշտպանել է բաց երկխոսության և անկեղծ քննարկման սկզբունքները: Հաշվի առնելով խնդրի զգայուն էությունը` մենք մեծ կարևորություն ենք տալիս Վեհաժողովում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:



Այսօր մենք զգում ենք տարածաշրջանի բավականին լարված ու դժվարին իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, որը ղեկավարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, վտանգված է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների և ռազմական սադրանքների պատճառով:
 



Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Վստահության բուն էությունը խաթարված է: Հակամարտության լուծման հայկական դիրքորոշումը մնում է նույնը` այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա:

 

 

Գործընկերնե՛ր,

Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անցյալ ամառվանից մինչ օրս սահմանային միջադեպերի և զոհերի թիվը` ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, աճել է: Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միայն հայկական կողմի ջանքերը բավարար չեն, քանի դեռ Ադրբեջանն անում է ամենը` սրելու իրավիճակը հակամարտության գոտում: Եվ ցավալի է, որ անհեռանկար փաստաթղթերի գոյությունը խրախուսում է ադրբեջանական կողմին` նախաձեռնելու նոր և ավելի լայնածավալ սադրանքներ ու դիվերսիոն գործողություններ: Հունվարին Կրակովում, Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շուրջ հայտարարությամբ, որով նրանք Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց ստանձնած պարտավորություններին:



Մենք կոչ ենք անում Վեհաժողովին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը լրջորեն կվատթարացնի արդեն անկայուն իրավիճակը մեր տարածաշրջանում:



Այնուամենայնիվ, խորապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը մեծ դեր կարող է խաղալ`  համագործակցություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ` մարդու իրավունքների , օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում: Սա այն տիրույթն է, որտեղ Եվրոպայի խորհուրդը, իրոք, կարող է զգալի ներդրում ունենալ` հատկապես հաշվի առնելով տիկին Բրասերի հայտնած այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 820 միլիոնանոց եվրոպական ընտանիքի մի մասն է, որի  մասին նույնպես Եվրոպայի խորհուրդը պետք է հոգ տանի»։

Նույն շարքից