«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մեկնարկից առաջ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե այս ֆորումն ինչ ազդեցություն կունենա ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում, ասաց, որ ֆորումը համախմբում է հայ ժողովրդին մեկ միասնական գաղափարի շուրջ։
«Այնպես չէ, թե ոչ մի բան չկա, հիմա այս ֆորումը պետք է ինչ-որ բան տա: Անընդհատ տեղի են ունենում գործընթացներ, որոնք քայլ առ քայլ մոտեցնում են Ցեղասպանության ճանաչմանն աշխարհի կողմից, մյուս կողմից էլ այս ամեն ինչը համախմբում է մեր ժողովրդին ինչ-որ միասնական գաղափարների շուրջ»,– ասաց նա:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ մենք չունենք գործողությունների ճիշտ հաջորդականություն, և եթե օրինակ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը չունի գործողությունների հստակ ծրագիր, թե ինչ քայլեր է ձեռնարկելու՝ Հանրային խորհրդի նախագահը պատասխանեց. «Այդպես չէ, կան բազմաթիվ սցենարներ, այդ սցենարներից մեկնումեկը կգնա, երբեք չի լինում, որ բոլոր քայլերը մինչև վերջ հաշված են լինում»:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ այն ինչ հիմա արվում է, պարտավոր ենք անել, թե ինչ հետևանքներ դրանք կունենան, հետո ինչ քայլեր կլինեն, դրա վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կան, ժամանակը ցույց կտա: Իսկ ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել, ինչպես ապրել ենք: