Հայաստան 

ՀՀ կառավարությունն հավանություն տվեց «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։ Ինչպես նիստին նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, օրենքի փոփոխությունը բխում է դեռևս 2013թ-ին կառավարության կողմից որդեգրված բաց երկնքի քաղաքականությունից։

 

 

«Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում կառավարման համակարգի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման և հավաստագրման գործընթացի թափանցիկության ապահովմանը, միջազգային չափանիշների համապատասխանեցմանը՝ ոլորտում ձևավորվող իրավահարաբերությունների հստակ կանոնակարգմամբ»,-ասաց նա։



 

Փոխնախարարը նշեց, որ արդիականացվելու է նաև առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագրման գործընթացը, մասնավորապես՝ տարանջատվելու են օրենքով սահմանված թույլտվություններ և հավաստագիր հատկացնող պետական կառավարման մարմինները։

 

 

«Օրենքի նախագիծը ուղարկվել է երեք խումբ իրարից անկախ փորձագետների քննությանը՝ USAID, Համաշխարհային բանկ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար։ Հայաստան էր ժամանել փաստահավաք առաքելություն, որի հետ քննարկվել է օրենքի նախագիծը»,-ասաց նա և ընդգծեց, որ բոլոր դիտողությունները տեխնիկական բնույթի են։
 

Օրենքի նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո կներկայացվի ԱԺ։

Նույն շարքից