Հայաստան 

Սիրիայում ապրող հայերը թիրախ են «Իսլամական պետության» ահաբեկիչների համար. Ն․ Զոհրաբյան

«Իսլամական պետություն»  ահաբեկչական բանդան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև  համաշխարհային անվտանգության համար. այս մասին  ԵԽԽՎ լիագումար նիստում,  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունքում առաջացած լրջագույն խնդիրների հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։



Պատգամավորը  նաև նշել է, որ Սիրիայում  ապրող հայերը թիրախ են «Իսլամական պետության» ահաբեկիչների համար նաև իրենց  ազգային և կրոնական պատկանելության առումով։



Ելույթը մեջբերում ենք ամբողջություն. «Արդեն որերորդ  նստաշրջանն է մենք քննարկում ենք  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անմարդկային գործողությունների հետևանքները։ Ակնհայտ է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է  ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային անվտանգության համար։ Մեր գործընկեր Ժան Մարի Բոկելն անդրադարձել է այդ  ահաբեկչական խմբի վայրագության  հետևանքներից մեկին՝ փախստականների խնդրին, ինչը բավականին բարդ ու զգայուն  հարց է։



Պարոն  Բոկելն  անդրադարձել է հիմնականում սիրիական պրոբլեմին, քանզի մեր նախորդ  նիստերում մենք բազմիցս անդրադարձել ենք  Հյուսիսային Իրաքում  տեռորիստական այդ բանդայի գործողություններին։ Այո, ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական  պատերազմի 4 տարիներին  ռազմական գործողություններին զոհ է դարձել 215 հազար մարդ, որից  11 հազարը՝ երեխաներ։ 2011թ-ի մարտի հակամարտությունից ի վեր՝  Սիրիայում շուրջ 6.8 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տանիքը։ Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայի փախստականների հետ՝  «հումանիտար աղետ»  բնորոշելը խիստ մեղմ ձևակերպում է։ Սիրիական հակամարտության արդյունքում բազմաթիվ երեխաների բաժանել են  իրենց ընտանիքներից։ Մոտ 2 միլիոն երեխա աջակցության կարիք ունի Սիրիայում, և ավելի քան կես միլիոն  երեխա աջակցության կարիք ունի հարևան երկրներում, որտեղ նրանք ապրում եմ հատուկ  ճամբարներում: Երեխաների տառապանքն անմարդկային գին է, որը նրանք վճարում են այս հակամարտության պատճառով։

 

 

Հարգելի գործընկերներ, Սիրիայում իմ երկիր ունի ամենակայուն և  ազդեցիկ համայնքներից մեկը, որը ևս մեծապես տուժեց սիրիական հակամարտության արդյունքում։ Սիրիահայերը, ինչպես և երկրի մյուս բոլոր բնակիչները, իրենց վրա զգում են սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի հետևանքներն ու զրկանքները:



Անցած տարի անմարդկային հարձակման թիրախ դարձան Քեսաբի հայերը, իսկ սեպտեմբերին ահաբեկիչները պայթեցրին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Հաշվի առնելով «Իսլամական պետության» զինյալների հաշվեհարդարները քրիստոնյաների հանդեպ` ակնհայտ է, որ իմ հայրենակիցներին  վտանգ է սպառնում նաև իրենց ազգության և կրոնի պատճառով: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից և, բնականաբար,  պատրաստ է շարունակել ընդունելու մեր հայրենակիցներին։

 



Մինչդեռ, Սիրիայի քաղաքացիական պատերազմով սկիզբ առած քաոսի վերջը  չի երևում։



«Վերաբնակեցումը՝ որպես համերաշխության գործիք» վերտառությամբ իր այս զեկույցում մեր գործընկերը  կոնկրետ  քայլեր է առաջարկում սիրիացի փախստականների խնդիրները համակարգելու ու լուծումներ տալու համար։ Բայց  քանի դեռ արմատախիլ չի արված հիմնական չարիքը,  հետևանքների դեմ պայքարն ամեն օր ու ամեն ժամ անասելի ջանքեր է պահանջելու»։

Նույն շարքից