Հայաստան 

Սերժ Սարգսյանը Թորբյորն Յագլանդի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Յագլանդին՝ հրավերն ընդունելու եւ գլոբալ ֆորումին մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Թորբյորն Յագլանդի՝ որպես համաեվրոպական կարեւորագույն կառույցի գլխավոր քարտուղարի, մասնակցությունը եւ ներդրումը ֆորումի աշխատանքներին, որը, Նախագահի համոզմամբ, վերահաստատում է ԵԽ դերը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում: Հանրապետության նախագահը հանդիպման առիթով եւս մեկ անգամ հաջողություն է մաղթել Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի երկրորդ մանդատի իրականացման գործում՝ նշելով, որ նա իր առաջին մանդատից սկսած բավական լուրջ եւ խորքային բարեփոխումներ է ձեռնարկել, որոնց հիմնական նպատակը ԵԽ դերի բարձրացումն է՝ որպես համաեվրոպական մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր աջակցությունը ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից ձեռնարկված ԵԽ բարեփոխումների գործընթացին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ դրա խորհրդին, այդ կապակցությամբ անցկացվող միջոցառումներին, որոնց թվում նաեւ՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային արդի խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, համանախագահների գործունությանը եւ խաղաղության հասնելու համար կարեւորում է հակամարտող կողմերի միջեւ երկխոսությունը: Թորբյորն Յագլանդը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ երեւանյան գլոբալ ֆորումին հրավիրելու համար, նշելով, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել այս կարեւոր ֆորումին եւ ելույթ ունենալ:

Նույն շարքից