Հայաստան 

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սիրիայի խորհրդարանի նախագահի ազդեցիկ ելույթը (Ֆոտո)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում այսօր մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի հետ:


Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ շնորհակալություն հայտնել ֆորումին մասնակցության համար, ինչը, Հանրապետության Նախագահի խոսքով, հայ ժողովրդի նկատմամբ բարեկամ սիրիացի ժողովրդի անկեղծ հարգանքի եւս մի վկայություն է: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի ժողովրդական ժողովին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի համար։ Նախագահը բարձր է գնահատել ս.թ. մարտին Սիրիայի ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստի անցկացումը եւ պարոն Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի ազդեցիկ ելույթը:


Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները եւ ընդգծել, որ Սիրիայում հատուկ վերաբերմունք ունեն բարեկամ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության մասնակցությունը երեւանյան ֆորումին վկայում է, որ Սիրիան ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահը լավ առիթ է համարել միջազգային հանրության ջանքերի համախմբման եւ հետագայում նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար:


Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-սիրիական դինամիկ զարգացող հարաբերություններին, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի սիրիահայ համայնքը: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավով է նշել Սիրիայում արդեն չորս տարուց ավելի ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին եւ հույս հայտնել, որ բարեկամ Սիրիան այս փորձությունից դուրս կգա ավելի ամրապնդված, երկրում շուտով կհաստատվի խաղաղություն ու կայունություն:


Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ հայ-սիրիական բարեկամության առանցքում գտնվող միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:


Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։


Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:


Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:


Ֆորումին մասնակցում է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։


Նույն շարքից