Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Դրամի արժեզրկման միջոցով Հայաստանի տնտեսությունը հարմարվում է նոր իրավիճակին

analitik.am

Դրամի արժեզրկումը անխուսափելի էր Հայաստանի համար, քանի որ ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ տարածաշրջանում դոլարն ամրապնդում է իր դիրքերը: Դրան գումարվում է նաև երկու հիմնական ազդեցություն, որ գալիս է Ռուսաստանից. նախ կրճատվում է այդ երկրից եկող տրանսֆերտների ծավալը, մյուս կողմից այնտեղ ստեղծված վատ տնտեսական իրավիճակի պայմաններում հայ արտադրողները չեն կարողանում ավելացնել արտահանման ծավալները: Այս մասին ԵՊՀ տնտագիտության ֆակուլտետում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Թերեսա Դաբան Սանչեսը: Նրա խոսքով` այս պահին Հայաստանի տնտեսությունը մի փոքր ավելի է աճում, քան նրա հիմնական առևտրային գործընկերներ պետություններինը, սակայն ԱՄՀ-ն, ամենայն հավանականությամբ, կարող է վերանայել նաև Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը: «Ռուսաստանի տնտեսության համար 2015թ. մենք կանխատեսել էին  0.5 տոկոս աճ, սակայն այժմ քննարկվում է  -0.8 տոկոսը: Այսինքն` ՌԴ տնտեսության աճը բացասական միտում ունի: Իսկ Հայաստանի դեպքում մենք կանխատեսել էինք 3 տոկոս տնտեսական աճ, սակայն այդ թիվը ևս կարող է վերանայվել»,- ասաց ԱՄՀ ներկայացուցիչը:


Թերեսա Դաբան Սանչեսը նշեց, որ ինչպես ռուբլուն զուգահեռ արժեզրկվում է նաև դրամը և հավելեց, որ նույն իրավիճակն է նաև Վրաստանում և զարգացող այլ երկրներում: «Այս գործընթացի միջոցով տնտեսությունը հարմարվում է  նոր իրավաճակին, որովհետև դրամի արժեզրկմանը զուգահետ Հայաստանի արտադրողները մրցունակ են դառնում արտահանման տեսանկյունից: Հայաստանին անհրաժետ է պահպանել այդ մրցունակությունը, քանի որ նույն ուղղությամբ կարող են շարժվեն նաև մյուս երկրները»,- ասաց նա:


ԱՄՀ ներկայացուցչի խոսքով` դրամի արժեզրկման հիմնական բացասական ազդեցություններից է այն, որ բարձրանում են ներմուծված ապրանքների գները: Սակայն Սանչեսը վստահ է, որ դա պետք է օգտագործել հօգուտ տեղական արտադրության զարգացման: «Իհարկե, ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով սահմանափակ է, սակայն եթե փոխարժեքի ճշգրտում տեղի չունենա, ապա ներքին արտադրողները խնդրի առաջ կկանգնեն: Պարզապես պետք է քննարկել` ինչ անել, որ ճշգրտումը սահուն ընթանա»,- ասաց նա:

Նույն շարքից