Հասարակություն 

Չպետք է 18 տարեկան երիտասարդը մտածի, որ կարող է վճարել և ազատվել ծառայությունից. Կորյուն Նահապետյան

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 26-ին կառավարության հեղինակած ««Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է Հայաստանում գումարի դիմաց խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից: Քոքոբելյանը նաև խնդրեց նշել՝ զինծառայությունից խուսափելու համար քանիսն են ձերբակալվել, ոչ թե՝ հետախուզվում: 

Նահապետյանը խորհուրդ տվեց վերացական մտքեր չարտահայտել, ի պատասխան՝ Քոքոբելյանը նշեց, որ ինքն ամբողջ կյանքում վերացական ոչինչ չի ասել: «Պաշտպանության նախարարը զորակոչի հետ կապված բոլոր քննարկումների ժամանակ մշտապես բարձրաձայնել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասաց վերջինս: Նահապետյանը համաձայնեց այն տեսակետի հետ, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձի մասով պետք է բավական լուրջ մտածել: Նա նշեց, որ այս տարվա բյուջեում քիչ ֆինանսական միջոցներ են կարողացել ավելացնել, սակայն հունվարի մեկից աշխատավարձը կավելանա տասը տոկոսով, իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» հիմնական օրենքով, որտեղ ըստ խմբերի, կոչումների, մակարդակների, նույնպես նախատեսվում է բարձրացում, հուլիսի մեկից նոր բարձրացում է սպասվում: 

Հանձնաժողովի նախագահը կարևորում է պայմանագրային հիմունքներով ծառայողների առկայությունը զինված ուժերում, սակայն ընդունելի չի համարում միայն նրանց ներկայությունը: «Քանի դեռ պայմանագրային զինծառայությունը միակ միջոցը չէ, մենք զորակոչ ենք անցկացնում: Չպետք է 18 տարեկան երիտասարդը մտածի, որ կարող է վճարել և ազատվել ծառայությունից: Բոլորս էլ հասկանում ենք, որ պրոֆեսիոնալ բանակը մարտունակությամբ մի քանի անգամ կգերազանցի, բայց դրան աստիճանական լուծում պիտի տրվի, շատ լավ ցանկություն է, լավ գաղափար, ընդունելի, բայց այսօր պատրաստ չենք դրան»,- ասաց նա: 

Մինչ Նոր տարի Նահապետյանի նախաձեռնությամբ կկազմակերպվեն այցելություններ սահմանային հենակետեր, դրանց ժամկետները կհստակեցվեն հանձնաժողովի առաջիկա նիստերում:

Նույն շարքից