Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Գյուղատնտեսական տարին դժվար էր, բայց կան դրական տեղաշարժեր. Նախարար

Հայաստանում գյուղատնտեսական տարին 2014-ին բարենպաստ չէր ոլորտի զարգացման համար, սակայն գրանցվեցին դրական տեղաշարժեր: Ոլորտի ամենամեծ ձեռքբերումը դարձավ այն, որ տարվա ընթացքում զգալի ավելացավ հողային ռեսուրսների օգտագործման ծավալը, հետևաբար նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքը: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ներկայացնելով 2014-ի ձեռքբերումներն ու բացթողումները: Նա ընդգծեց, որ վարելահո­ղերի նպա­տա­կա­յին օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2 տոկոս, այնինչ` նախորդ տարի այն  71 տոկոս էր:

«Գյուղա­տնտեսության ոլորտում տնտեսավարողների ջանքերի և իրակա­նացված մի շարք  աջակ­ցության ծրագրերի արդյունքում գյուղա­տնտե­սության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է ՀՆԱ-ի մեջ գյուղա­տնտե­սության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավե­լացմանը։ 2014 թվականի գյուղա­տնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 332.7 հազար հա, նախորդ տարվա համեմատ ավելանալով 14.6 հազար հեկտարով: Նաև նախադրյալներ են ստեղծվել առաջիկա տարի­ներին նշված միտումը շարունակելու ուղղությամբ»,- ասաց նախարարը:


Սերգո Կարապետյանը նշեց, որ 2014 թվականին աճել է գրեթե բոլոր մշա­կա­բույսերի համախառն արտադրանքը, բացառությամբ պտղի, որը հետևանք էր աննախադեպ ցրտահարության պատճառած կորուստների: «Հատկապես զգալի էր ծիրանի բերքի նվազումը: Նախորդ տարվա 88․9 հազ տոննայի դիմաց այս տարի ստացվել է 14․9 հազ տոննա: Առավել մեծ աճ է ապա­հով­վել հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես ցորենի արտա­դրության բնա­գա­վառում»,- ասաց  նա:


Հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսերի բերքատվությունը, նախարարի խոսքով, ևս զգալիորեն բարելավվել է: «Ցորենի բերքատվությունն այս տարի կազմել է 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց: Դրա հետ մեկտեղ բարձրացել է ցորենի ինքնաբավության մակարդակը: 2012թ. այն կազմում էր 32.9  տոկոս, 2013թ.` 46.8  տոկոս, իսկ այս տարի մենք կարողանում ենք բավարարել սպառման պահանջարկի 51 տոկոսը»,- ասաց Կարապետյանը` նշելով, որ այդ ցուցանիշները վկայում են հացահատիկային տնտեսության ինտենսիվ զարգացման մասին:


Չնայած դրան` գյուղատնտեսական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ առաջիկայում նախարարության խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակա­բույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնա­բուծու­թյան համակարգի զարգացումը, որի արդյունքում կբարձրանա նաև բարձրորակ սեր­մերով հանրապետության ապահովվածության մակարդակը:

Նույն շարքից