ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հայ-վրացական հարաբերությունները զարգանում են, այս տարվա տվյալներով առևտրաշրջանառությունը, արտահանումները և ներմուծումներն ավելացել են:
«Համենայնդեպս դինամիկան դրական է, և սա այն աշխատանքի արդյունքն է, որն իրականացրել են հանձնաժողովները»,- ասաց նա:
Նախարարը նաև արձանագրեց, որ վերջին հանդիպումները երկու վարչապետների միջև նոր համագործակցության ուղիներ նախանշեցին հատկապես՝ ագրոբիզնեսի, գիտատեխնիկական և շինանյութի արդյունաբերության ոլորտներում, ինչը Հայաստանի հետագա զարգացման համար դեր կունենա:
Հարցին, թե որոնք ենք երկկողմ հարաբերությունների խոչընդոտները՝ հաշվի առնելով ինտեգրացիոն տարբեր ուղղությունները՝ նախարարը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ խոշոր խոչընդոտներ չկան, խնդիրները վերաբերում են տեխնիկական հարցերին, նաև որոշակի հարցերի, որոնք վերաբերում են առավել որակյալ ծառայություններ մատուցելուն»: