Հայաստան 

Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեց կալանքի տակ գտնվող ՀԽ-ի վեց անդամների ճակատագրի վրա

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ հերթական քառօրյային հարցի, ապա ելույթի տեսքով ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով կալանքի տակ գտնվող Հիմնադիր խորհրդարանի վեց անդամների ճակատագրի վրա:

 

Լևոն Զուրաբյանը, մեջբերելով հենց Գալուստ Սահակյանի խոսքերը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա  տարելիցի հիմնական միջոցառումներն անցել են բարձր մակարդակով, որ «շատ լուրջ միջոցառումներ են իրականացվել, որ նշանակալի առաջընթաց կա Ցեղասպանության միջազգային դատապարտման առումով», հարցրեց, թե  չի կարծո՞ւմ, որ դիսոնանս կա համազգային բարձր ոգու և ՀԽ անդամների՝ բանտերում գտնվելու միջև:  

 

«Անկախ նրանից, թե նրանց  պահվածքը կամ մտահղացումը մեզ համար որքանով է մերժելի, Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարական ազատությունները ոչ ոք չեղյալ չի կարող համարել»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:  

 

ԱԺ նախագահն էլ, նկատելով, որ հարցը վարման կարգի, այսինքն՝ օրակարգի հետ որևէ կապ չուներ, ասաց, որ բոլորն էլ մտահոգ են Ժիրայր Սելֆիլյանի և նրա համակիրների հարցով, որ ինքն էլ ցանկանում է որոշակի իրավական մանրամասների տիրապետել:

 

Լևոն Զուրաբյանը կրկնեց, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանի վարկի վրա քաղաքական հայացքների պատճառով բիծ լինի և տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում այս հարցը քննարկել է նաև ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարի, ՀՀ հարցով համազեկուցողների հետ:

 

Ընդ որում, խոսքը ոչ միայն «Սեֆիլյանի, այլև Շանթ Հարությունյանի խմբերին է վերաբերում»:

 

Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահին ու ԱԺ-ին հորդորեց, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն և որքան հնարավոր է՝ նպաստեն նրանց՝ օր առաջ բանտերից դուրս գալուն:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավարին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և հայտարարեց., որ բոլորի համար էլ անընդունելի քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց առկայությունը, սակայն ավելացրեց, որ վաղ է նման հայտարարություններով հանդես գալը. նախ պետք է  ունենալ բոլոր հարցերի պատասխաններն իրավական հարթության մեջ, ապա նոր միայն քաղաքական գնահատականներ հնչեցնել:



 

Նույն շարքից