Հայաստան 

Ղարաբաղյան հարցով ԵԽԽՎ զեկուցողը պարտավորվել է այցելել հակամարտության գոտի. Նաղդալյան

ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը (Մեծ Բրիտանիա) Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելու շրջանակում պարտավորվել է այցելել հակամարտության գոտի, երեքշաբթի լրագրողներին ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։



Ուոլթերը ԼՂ հակամարտության մասին զեկույցի պատրաստման շրջանակում մարտի 12-13–ն այցելել էր Բաքու։ Նախատեսվում էր, որ նա այցի արդյունքում հանդես կգա ԼՂ–ի մասին զեկույցով։



Ինչպես նշեց Նաղդալյանը, սկզբում Ուոլթերը չէր նախատեսում այցելել Ղարաբաղ, նա արդեն ավարտել էր աշխատանքն Ադրբեջանում և նախատեսում էր այցելել Հայաստան` փաստաթղթեր հավաքելու համար։



«Զեկուցողին ներկայացվել է իրավիճակն ու այն փաստը, որ փաստաթղթերը և փաստերը հարկավոր է հավաքել ոչ թե Հայաստանում, այլ Ղարաբաղում, և ԵԽԽՎ–ն հակամարտության գոտում տեղեկատվություն հավաքելու փորձ ունի, ինչի մասին վկայում են Կոսովոյի մասին զեկույցները», – ասաց Նաղդալյանը։



Նա նշեց, որ ԵԽԽՎ զեկուցողը քննարկումների և բանակցությունների արդյունքում փոխեց իր դիրքորոշումը։



«Ուոլթերն արդեն հայտարարել է, որ կայցելի նաև Հայաստան և Ղարաբաղ։ Մնում է տեսնել, թե կոնկրետ ինչ քայլերով կհաստատվի նրա հայտարարությունը», – ասաց Նաղդալյանը։

Նույն շարքից